Արցախի «կոմանդույուշչիին», որի առջև խոնարհվում էին նույնիսկ բարձրաստիճան ղեկավարները, խորհուրդ եմ տալիս թարմացնել հիշողությունը. Արցախցի գործիչ
Ներքաղաքական
Այն, որ բոլորս մեր բաժին մեղքն ունենք Արցախի ներկայիս ճակատագրի համար, կարծում եմ, չհամաձայնվել չենք կարող։
Բոլորս մեր բաժին մեղքն ունենք, որ տարբեր տարիների ձևավորել ենք իշխանություններ, որոնք ցուցաբերել են ոչ իրատեսական և ոչ ճկուն քաղաքականություն Արցախի , ինչու չէ, նաև Հայաստանի ճակատագրի նկատմամբ,-«Իրավունքի» հարցին, թե ով, կամ ովքեր են պատասխանատու Արցախի կորստի համար եւ արդյո՞ք կիսում է Սամվել Բաբայանի հնչեցրած միտքը, ասաց բռնի գաղթի ճանապարհի ողջ տառապանքն ու ցավը իր մաշկի վրա վերապրած արցախյան ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, ընդգծելով.
-Բայց հարց է առաջանում. ինչո՞ւ 20, և ոչ 30 կամ ավելի տարիների ընթացքում։ Երևի` Ս.Բաբայանը 90֊ական թվականների ձեռք բերած հաղթանակը, պետաշինության, բանակի կայացման հաջողությունները վերագրում է այդ տարիների Արցախի փաստացի ինքնիշխանին`«կոմանդույուշչիի», որի առջև խոնարհվում էին նույնիսկ բարձրաստիճան ղեկավարներ, որի թրի տակով անց ել են ժամանակի համարյա թե բոլոր հրամանատարները։ Նրա կողմից մարդկանց իշխելու, իրեն ենթարկացնելու, ստորացնելու, վիրավորելու հատկանիշները շարունակվում են դրսևորվել նաև մեր օրերում։
Ինչ վերաբերվում Արցախի ճակատագրին, Արցախը և արցախցիներին այս վիճակին հասցնելու պատասխատուներին և մեղավորներին, կարող եմ վստահաբար և միանշանակ հայտարարել արցախցիների ճնշող մեծամասնության կարծիքը` Արցախը Ադրբեջանի կազմ մտցնելու,Արցախը հայաթափելու, արցախցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու հիմնական պատասխանատուներից գլխավորը Հայաստանի հանրապետության ներկայիս վարչապետն է։ Այսօր էլ նա բռնագաղթված արցախահայությանը ենթարկում է ծաղր ու ծանակի և Ս.Բաբայանների միջնորդությամբ նպատակ է հետապնդում վերջնականապես թաղել Արցախի պետականությունը և մոռանալ տալ Արցախն ու արցախահայությանը` ընդհանրապես։
Մեր զրուցակցի խոսքերով.
-Արցախի հանրապետության 90֊ականների փաստացի տերն ու տիրակալը, ես կասեի բռնապետը, թող թերթի հիշողությունների ծալքերի էջերը և վերհիշի այն անբարո վարքագիծը, անաստվածային մոտեցումները, քաղաքական քայլերն ու հետապնդումները, որ երբևէ գործադրել է շատուշատ արցախահայերի նկատմամբ։ Թող նաև հիշի, թե ինչ դերակատարություն է ստանձնել ՀՀՇ֊ի վերնախավի, նրանց արցախյան կամակատարների դրդմամբ և ինչ հնարքների է դիմել ՀՅԴ նախ իշխանությունից հեռացնելու, այնուհետև նաև` կուսակցության ղեկավար կազմի որոշ անդամների ու համակիրների պատժելու ուղղությամբ։ Նա և նրան հովանավորող քպ֊ական վերնախավը չեն հասկանում, որ տարբեր երկրներում գործող ՀՅԴ կառույցները վարում են ապակենտրոն քաղաքականություն և չեն կարող ուղղակի ազդեցություն ունենալ միմյանց, ինչպես նաև տվյալ պետության ներսում ընթացող պրոցեսների վրա։
ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի ընտրվելն Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնում, ինչպես նաև իշխանական մյուս թևերում իրականացված փոփոխությունները թելադրված են եղել ժամանակի հրամայականով։ Ընտրված և նորանշանակ ղեկավարները հասկացել են թե ուր են գնում և ինչ ծանրագույն բեռ են վերցնում իրենց ուսերին։
Ուղղակի այդ պահերի իրադարձությունները դուրս էին մնացել ՀՀ իշխանությունների վերահսկողությունից և նրանց կողմից Արցախ գործուղած Ս.Բաբայանի քաղաքական նկրտումներից։Արցախում տեղի ունեցած հետագա գործողությունները բացահայտեցին ՀՀ իշխանությունների և արցախյան նրանց հովանավորների հայատյաց ծրագրերը։
Ամբողջական զրույցը կարդացեք առաջիկա«Իրավունքի» տպագիր համարում ։