ՌԴ դպրոցներում պարտադիր է դառնում թատերական խմբակներ ունենալը, ՀՀ-ում` թատրոն են փակում
Մշակութային
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի, ամբողջ երկրի տարածքում, մինչեւ 2024 թվականի ավարտը բոլոր դպրոցներում պարտադիր պետք է բացվեն թատերական խմբակներ:
«Սա շատ կարեւոր կրթական, դաստիարակչական նշանակություն ունի ե՛ւ երկրի անվտանգության իմաստով, ե՛ւ պետական մտածողության եւս մի դրսեւորում ու քայլ առաջ է: Այս որոշումը մի քանի տարի հետո իր պտուղները կտա: Եթե անգամ պատանիները չընտրեն այս մասնագիտությունը, ապա գոնե պատրաստված կգան թատրոն, էլեմենտար պատկերացում կունենան, թե ինչ է թատրոնը»,- անդրադառնալով ՌԴ նախագահի հրամանագրին` ասաց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ:
Ի դեպ, նշենք, որ Վ. Պուտինի այս հրամագիրն ուշագրավ է այն ֆոնին, որ Հայաստանում այս օրերին «Գոյը» պայքարում է, որպեսզի թատրոնը չլուծարվի` միանալով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, ինչի վերաբերյալ ասում են, թե արդեն կա ստորագրված ակտ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ