Հոտառության կորուստը վկայում է սրտի աշխատանքում հնարավոր խնդիրների մասին
Հասարակություն
Միչիգանի պետական համալսարանին առընթեր Մարդկային բժշկության քոլեջի գիտնականները պարզել են, որ հոտառության կորուստը սրտի կանգային անբավարարության բարձր ռիսկի նշաններից մեկն է: Մասնագետները համապատասխան հետազոտության արդյունքներով կիսվել են Ամերիկյան սրտի ասոցիացիայի (Journal of the American Heart Association) հանդեսում:
Հոտառության սրությունը հաճախ նվազում է, իսկ տարիքի հետ առհասարակ վերանում է, հաղորդում է Planet Today-ը։ Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ 50 տարեկանում յուրաքանչյուր չորրորդ մարդու հոտ առնելու ունակությունը նվազում է: Իսկ 80 և ավելի տարեկանում մարդկանց կեսից ավելին արդեն նման բարդություններ ունի։ Իսկ դա իր հերթին հաճախ հանգեցնում է մարդու կյանքի որակի նվազման և նույնիսկ ռիսկերի ավելացման: Օրինակ՝ մարդը փչացած սննդի կամ գազի արտահոսքի հոտ չի առնի՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով։
Այս պաթոլոգիական վիճակում սիրտը չի կարողանում բավարար քանակությամբ արյուն մղել կամ դա անում է միայն այն դեպքում, երբ արյան ճնշումն աննոմալ բարձր է: Սրտային կանգային անբավարարությունը զարգանում է սրտի թույլ կծկվող ֆունկցիայի հետևանքով։ Պարզվել է, որ հոտառության կորստի դեպքում սրտային անբավարարության հավանականությունը բարձրանում է մոտ 30%-ով: