Պահը կրտիկական է. արեւմտյան կողմը շտապում է. Ձյունիկ Աղաջանյան
Ներքաղաքական
Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան ՁՅՈՒՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ այսօր տեղի ունեցող քաղաքական զարգացումները պատահական չեն:
— Մի քանի ամիս առաջ արդեն նշել էի, որ արագացում է տեղի ունենալու. արեւմտյան կողմը շտապում է: Վերջին շրջանում ամերիկյան բարձր մակարդակի պատվիրակների այցերի շքերթը պատահական չէր: Նրանք փորձում են, ի վերջո, այդ չարաբաստիկ խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթը ստորագրել տալ՝ անկախ նրանից, թե դա ինչ տեսք ու բովանդակություն կունենա: Ես մի անգամ արդեն նշել եմ, որ դա կարող է դատարկ թուղթ լինել, որի վերեւի մասում գրված լինի՝ խաղաղության համաձայնագիր կամ շրջանակային ինչ-որ պայմանագիր եւ տակը ուղղակի ստորագրություններ՝ առանց միջի բովանդակության: Նրանց եւ այս իշխանություններին դա պետք է, որ ասեն՝ մենք այսպիսի փաստաթուղթ ենք ստորագրել: Հանրությունը կարող է հարցնել, թե՝ ինչու: Որովհետեւ Արեւմուտքի համար կրիտիկական է այստեղից Ռուսաստանի դուրսբերումը եւ ամբողջ տարածաշրջանը իր ենթակայության տակ մտցնելը: Կրիտիկական է այդ փաստաթղթի ստորագրումը, որպեսզի Ադրբեջանը արդեն ստիպված լինի իր հանձնառությունները կատարել, որոնք հանգում են Իրանի դեմ գործողություններին: