Ահա, թե ո՞ր հիվանդությունները կլինեն ձայնի կորստի պատճառ
Հասարակություն
Ձայնի կորուստն ու խռպոտությունը կարող են պայմանավորված լինել վահանագեղձի հիվանդություններով, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսով և մի շարք այլ հիվանդություններով։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում պատմել է քիթկոկորդականջաբան Անտոն Ռիզաևը։
Մասնագետի խոսքով՝ առավել հաճախ ձայնի կորստի պատճառ է դառնում լարինգիտը՝ կոկորդի բորբոքումը վարակի, ծխելու կամ ձայնալարերի գերծանրաբեռնման հետևանքով։ Սա մասնագիտական հիվանդություն է հաղորդավարների, ուսուցիչների, երգիչների և բոլոր այն անձանց համար, ում աշխատանքը կապված է ձայնի գործածության հետ։
Նման խնդրի կարող է հանգեցնել նաև գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը, որի դեպքում ստամոքսի թթվային պարունակությունը հայտնվում է կերակրափողում։ Սա կարող է առաջացնել լորձաթաղանթի այրվածք ու բորբոքում, ինչն էլ կհանգեցնի ձայնի կորստի։ Բացի այդ, ձայնի կորստի պատճառ կարող է դառնալ նաև կոկորդի քաղցկեղը։
Մասնագետը նաև նախազգուշացրել է, որ ձայնի կորուստը կամ խռպոտացումը կարող է կապված լինել նաև բրոնխիտի, ասթմայի կամ վահանագեղձի տարատեսակ հիվանդությունների հետ, ուստի նման ախտանշանի ի հայտ գալու դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ դիմել բժշկին պատճառը պարզելու ու բուժումն սկսելու համար։