Դատապարտելի է կրոնական զգացումների որեւէ ծաղրանք եւ այլասերության քարոզ. Հայր Թովմա
Հասարակություն
Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգեւոր տեսուչ, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. ԹՈՎՄԱ վարդապետ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ «Իրավունք»-ի հարցմանն ի պատասխան` անդրադարձել է Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ եւ ողջ ընթացքում տեղի ունեցած խայտառակ դրսեւորումներին:
- Հայր սուրբ, ինչպե՞ս եք վերաբերում Փարիզում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ բացահայտ այլասերության քարոզին եւ քրիստոնության հանդեպ վիրավորական դրսեւորումներին:
- Դատապարտելի է կրոնական զգացումների որեւէ ծաղրանք եւ այլասերության որեւէ քարոզ, առավել եւս Օլիմպիական խաղերի բացման ժամանակ, որն իբրեւ համաշխարհային կարեւոր իրադարաձություն կոչված է խաղաղասիրական իր առաքելությամբ համախմբելու բոլոր կրոնների ու մշակույթների մարդկանց։
- Տեղի ունեցածի վերաբերյալ` ի՞նչ հորդոր ունեք՝ ուղղված Օլիմպիադային մասնակցող մեր մարզիկներին, խաղերին հետեւող հայ մարզասերներին եւ միջազգային քրիստոնյա հանրությանը:
- Մերժելով Օլիմպիական խաղերի բացման ժամանակ տեղ գտած դրվագը, որ է՝ քրիստոնեկան Սուրբ Խորհրդի ծաղրանքը, մաղթում ենք մեր մարզիկներին հաղթանակներ ու նորանոր նվաճումներ՝ բարձր պահելով մեր երկրի պատիվը։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ԼԳԲՏ արտիստները հաստատել են, որ նրանք օլիմպիադայի բացման արարողության ժամանակ նմանակել են, ավելի ճիշտ` խեղել են Լեոնարդո դա Վինչիի պատկերած Հիսուս Քրիստոսի «Վերջին ընթրիքը»: Մինչդեռ քրիստոնյա աշխարհը, մեղմ ասած, տարօրինակ զգուշությամբ է հարցին մոտենում: Կաթոլիկ եկեղեցին տեղի ունեցածից միայն մեկ շաբաթ անց իր բողոքի ձայնը բարձրացրեց, Վատիկանն իր հայտարարության մեջ տեղի ունեցածը որակել է վիրավորանք հավատացյալների հանդեպ: Իսկ իսլամական Իրանումտեղադրել են «Վերջին ընթրիքը» պատկերող վահանակներ եւ աջակցում են քրիստոնեությանը ողջ երկրում՝ ի պատասխան Օլիմպիական խաղերի այլասերության քարոզի: «Իսկապես Մեսիան՝ Հիսուս Քրիստոսը՝ Մարիամի Որդին, Աստծո առաքյալն է», - գրված է իրանական վահանակների վրա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ