Միքայել Արզումանյանը եւս պահանջում է բաց դատավարություն. Աբրահամյանը պնդում է՝ պետք է բաց ռեժիմով անցկացնել
Ներքաղաքական
«44-օրյա պատերազմի օրերին պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվող Դավիթ Տոնոյանը, ով մինչեւ վերջերս` շուրջ 3 տարի, կալանքի տակ էր, հորդորել է ԶԼՄ-ներին, որպեսզի նաեւ նրանց ճնշման ներքո, դատավարությունն իրականացնեն բաց ռեժիմով: Ճիշտ է` կոնկրետ այս գործը, որով Տոնոյանից բացի անցնում են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ, քիչ առնչություն ունի 44-օրյա պատերազմի հետ եւ ստացել է «հրթիռների գործ» անվանումը, սակայն ես եւս կողմ եմ, որ այդ գործով դատավարությունը բաց լինի:
Հասկանալի է, որ գործի որոշ կոմպոնենտներ գաղտնի բնույթ ունեն, սակայն փակ ռեժիմը պետք է լինի միայն գաղտնի էլեմենտների պարագայում, այլ ոչ թե ամբողջապես: Այս դատավարությունը ամենաշահարկվողներից է եւ իշխանությունն ամեն ինչ արել է «աննախադեպի» տակ որպես բացահայտում ներկայացնել, սակայն հրապարակայնությունը սահմանափակել է, որովհետեւ փորձելու է իր քաղաքական առաջնահերթությունների ներքո «բացահայտել»:
Ավելին` ես պնդում եմ, որ եւս մեկ շատ կարեւոր դատավարություն պետք է բաց ռեժիմով անցկացնել: Խոսքը ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործն է: Վերջինս 1.5 տարուց ավելի կալանքի տակ է, իսկ այս գործով ՊԲ մեծ թվով զինծառայողներ են անցնում:
Ինքը եւս` Արզումանյանը, պահանջում է բաց դատավարություն, սակայն իշխանությունը հասկանալի պատճառներով մերժում է», - գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: