Բեգոյանը զայրացել է
Ներքաղաքական
Քաղաքացիների ահազանգերի հետքերով՝ «Իրավունք»-ը այցելեց Նոր Նորքի վարչական շրջանի 7-րդ զանգվածի բակերից մեկը, որտեղ քաղաքապետարանի որոշմամբ՝ կատարվում էր «բարեկարգման» աշխատանքներ: Մինչդեռ իրականում՝ բացի բարեկարգելուց, որոշել էին նաեւ հատել առողջ, փարթամ ծառերը, որոնք բնակիչները իրենք էին տնկել տասնյակ տարիներ առաջ: Այս քայլն աշխատանքներն իրականացնողները պատճառաբանել էին, թե՝ ծառահատման նպատակը խաղահրապարակ կառուցելն է:
Այն որ բարեկարգվում են բակերը՝ բնական է, այն, որ խաղահրապարակներ պետք է կառուցվեն` կրկին նորմալ, բայց ո՞վ է իրավունք ու թույլտվություն տվել ծառ կտրել եւ բակում տասնյակ տարներ առաջ կառուցված ցայտաղբյուրը գետնին հավասարեցնել՝ պարզ չէ։ Այս հարցի պատասխանը գտնելու համար՝ կապ հաստատեցինք ԱՐՄԵՆ ԲԵԳՈՅԱՆԻ` «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի հետ: Անմիջապես արձագանքելով՝ նա միջամտեց բնության «ծառասպանդին»։ Խնդրին իր անմիջական արձագանքն է տվել նաեւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը:
Այսպիսով՝ մինչ Բեգոյանը կփորձի պարզաբանում ստանալ նշված հասցեում «կանաչապատման»՝ նույն թե՝ ծառահատումների վերաբերյալ, նշենք, որ աշխատանքները ժամանակավորապես կասեցված են: Այնուհանդերձ «Իրավունք»-ը հետեւողական է լինելու այս հարցում եւ իր խոշորացույցի տակ է պահելու ցանկացած տարածքում կատարվող «բարեկարգում», որը կհանգեցնի բնության կոտորածի: Մեղավորները պետք է կրեն վարչական պատասխանատվություն:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

