Ինչ կլինի, եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը Հայաստանը չկատարի. պարզաբանում է Այվազյանը
Ներքաղաքական
Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ խոսելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մասին, նշել էր. «Բացի Եվրամիության ներգրավվածությունից՝ մենք սպասում ենք նաեւ Թուրքիայի՝ նրա տարածաշրջանային առաջնորդության ներգրավմանը: Անկարան կարող է ուժեղ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցուղիների բացման եւ տարածաշրջանում իր գերակա ուժի դերը հաստատելու համար»:
Անդրադառնալով վերոնշյալին՝ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ փաստեց հետեւյալը. «Փաստորեն, Արեւմուտքը, տարածաշրջանի հաղորդակցման ուղիների վերահսկման գործում, բացի իրենից, տեսնում է նաեւ Թուրքիային` նրա առաջնորդական դերով։ Այսինքն՝ կան տարածաշրջանի հաղորդակցման ուղիների վերահսկման երկու միմյանց հակադիր շահառուներ՝ Արեւմուտք-ՆԱՏՕ-Թուրքիան (Թուրան) եւ Ռուսաստանի Դաշնություն»:
Հայկ Այվազյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի կողմից ՀՀ տարածքով անցնող ուղիների վերահսկման իրավական հիմքը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է եւ դրա 9-րդ կետը. «Եթե Հայաստանի Հանրապետությունը մնա մեն-մենակ Արեւմուտք-Թուրքիա դաշինքի դեմ, ապա չի կարողանա ինքնուրույն վերահսկել իր տարածքով անցնող ճանապարհները, որպեսզի դրանք չդառնան Թուրանական միջանցք՝ գործիք Արեւմուտքի ձեռքին Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այդ կոմունիկացիաների վրա Հայաստանի սուվերենությունը պահելու եւ ՀՀ տարածքով Թուրանական միջանցք չտալու համար մեզ պետք է Ռուսաստանի Դաշնության օգնությունը։ Իսկ դա կարելի է անել միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը կատարելու միջոցով, ինչով շահագրգռված է նաեւ Ռուսաստանը»։
Իսկ թե ինչ տեղի կունենա չկատարելու դեպքում՝ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարը զգուշացնում է. «Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը Հայաստանը չկատարի եւ հետ կանչի իր ստորագրությունը, ապա նա իր ձեռքով սկիզբ կդնի Հայաստանի Հանրապետության տարածքով Թուրանական միջանցքի բացմանը՝ այդ կոմունիկացիաների վրա իր սուվերենության կորստով»: