Նախագիծ, որով «քանդվելու է ողջ կրթական համակարգը»
Ներքաղաքական
Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքի նախագծին անդրադառնալով՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր ՑՈԼԱԿ ԱԿՈՊՅԱՆՆ ընդգծում է, որ սա երբեւիցե եղած ամենավատ նախագիծն է:
— Այս նախագծով քանդվելու է ողջ կրթական համակարգը: Նախկինում, երբ իշխանություններն ուզում էին իշխանություն վերցնել, իրենց հիմնական թեզերից մեկը 100 տոկոս բուհական ինքնավարությունն էր: Վստահաբար կարող եմ ասել, որ սա 100 տոկոսից շատ հեռու է ինքնավարություն կոչվելու համար: Մենք շատ ավելի վատ վիճակում ենք հայտնվում, որովհետեւ կառավարման այն համակարգը, որ իրենք այս պահին բուհական համակարգում առաջացնում են, բերելու է ռիսկեր, պահպանվելու է կուսակցական, քաղաքական դեմքերի մասնակցությունը բուհի հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին, իսկ հոգաբարձուների խորհուրդը բուհի բարձրագույն կառավարման մարմինն է, եւ նոր նախագծով ավելի շատ լիազորություններ են տրված նրան: Իշխանական, քաղաքական ազդեցություն, քաղաքական լծակներ ունեցող մարդիկ էլ ավելի մեծ հնարավորություն են ունենալու ազդելու բուհում իրականացվող որոշումների վրա: Ինքնավարությունից ենք խոսում, բայց, օրինակ, բուհում կառուցվածքային փոփոխությունները, ակադեմիական միավորներ ստեղծելու վերջնական որոշում կայացնողը հիմնադիրն է լինելու, այսինքն` կառավարությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ բուհի կառավարման մարմինները, նույն հոգաբարձուների խորհուրդը, ակադեմիական խորհուրդը, որ առաջարկվում է, չեն կարողանալու ինքնուրույն ակադեմիական միավոր ստեղծել, պետք է դիմեն լիազոր մարմնին, հիմնադրին, որ հիմնադիրը վերջնական որոշում կայացնի: Սա է իրենց առաջ քաշած ինքնավարությունը: