Գիտնականները ծերացման գործընթացը դանդաղեցնելու նոր միջոց են հայտնաբերել
Հասարակություն
Մաքս Պլանկի անվան Ծերացման կենսաբանության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մուտացիայի ենթարկված սեստրին սպիտակուցը կարող է ազդել կյանքի տևողության վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են phys.org պորտալում։
Հայտնի է, որ սննդակարգում որոշակի սահմանափակումներ անելը մի շարք կենդանիների մոտ հանգեցնում է կյանքի տևողության երկարացման, ինչպես նաև բարելավում է մարդու առողջական վիճակը։ Ընդ որում՝ որոշակի սննդային բաղադրիչների և հատկապես որոշակի սպիտակուցների ու ամինաթթուների գործածությունը շատ ավելի կարևոր է օրգանիզմի ռեակցիայի համար, քան ընդհանուր կալորիականության նվազեցումը։ Նման ազդեցության հիմքում ընկած մոլեկուլային մեխանիզմներն առ այսօր պարզ չեն, ուստի գիտնականները հետազոտություններ են անցկացրել պտղաճանճերի վրա դրա պատճառը պարզելու համար։
«Ճանճերի վրա անցկացրած մեր հետազոտությունները ցույց են տվել, որ սեստրինը նոր պոտենցիալ գործոն է ծերացման դեմ», - նշել է հետազոտական խմբի ղեկավար Լինդա Պարթրիջը։
Նրա խոսքով՝ գիտնականներին հաջողվել է ցույց տալ, որ սեստրին սպիտակուցը կապում է որոշակի ամինաթթուները, մինչդեռ նման կապումները կանխելու դեպքում ճանճերն ավելի երկար էին ապրում։
Մուտացիայի ենթարկված սեստրինը, որն ունակ չէ կապել ամինաթթուները, արգելակում է ճանճերի ծերացման գործընթացն անգամ սպիտակուցներով հարուստ սննդակարգի դեպքում, որը սովորաբար արագացնում է այդ գործընթացը։ Բացի այդ, միջատների աղիների ցողունային բջիջներում սպիտակուցների քանակության ավելացումը նույնպես թույլ է տալիս երկարացնել նրանց կյանքի տևողությունը 10%-ով։
Գիտնականները ենթադրում են, որ սեստրինը կարող է նմանատիպ ազդեցություն ունենալ նաև մարդու օրգանիզմի ծերացման գործընթացի վրա՝ օգնելով հնարավորինս պահպանել երիտասարդությունը, սակայն այս վարկածը դեռ հաստատված չէ և դրա համար հավելյալ ժամանակ է հարկավոր։