Mozilla-ն կրճատել է աշխատակիցների 30%-ը և փակում բաժիններից մեկը
Հասարակություն
Mozilla հիմնադրամը` Mozilla Corporation դուստր ձեռնարկության սեփականատերը, որը մշակել է Firefox դիտարկիչը, աշխատանքից ազատել է իր անձնակազմի 30%-ին և փակել հանրային շահերի պաշտպանության բաժինը՝ պատճառաբանելով, որ պետք է կենտրոնանա ավելի հրատապ խնդիրների վրա և մշակի միասնական ռազմավարություն ամբողջ կազմակերպությունում, ինչը պայմանավորված է «փոփոխությունների անողոք ճնշմամբ»։
Mozilla Foundation-ի հաղորդակցության գծով ղեկավար Բրենդոն Բորմանը TechCrunch-ին հաստատել է, որ կազմակերպությունը ստիպված է եղել գնալ այս քայլին՝ իր արդյունավետությունը բարձրացնելու համար։
«Mozilla հիմնադրամը վերակազմավորում է թիմը, որպեսզի արագացնի ջանքերը՝ ապահովելու ավելի ընդգրկուն և արդար տեխնոլոգիական ապագա մեր բոլորի համար: Ցավոք սրտի, դա նշանակում է, որ մենք դադարեցնում ենք մեր ավանդական նախագծերից մի քանիսը և վերացնում ենք համապատասխան պաշտոնները, որպեսզի կենտրոնանանք ավելի կարևոր խնդիրների վրա»,- ասվում է հայտարարությունում:
Այս պահին ընկերությունն ունի 120 աշխատող, ինչը հաստատել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ Mozilla-ի ներկայացուցիչը չի վիճարկել այս տվյալները, ինչպես նաև այն փաստը, որ սա Mozilla-ի երկրորդ կրճատումն է մեկ տարվա ընթացքում: Նախկինում աշխատանքից ազատվել են հայտնի Firefox դիտարկիչը մշակող ստորաբաժանման աշխատակիցները:
Mozilla-ի մեջ մտնում է Mozilla Corporation-ը, որը զարգացնում է Firefox դիտարկիչը և այլ ծառայություններ, և շահույթ չհետապնդող հիմնադրամը, որը վերահսկում է Mozilla-ի կորպորատիվ կառավարման կառուցվածքը և սահմանում Firefox-ի քաղաքականությունը, որը հիմնականում կենտրոնացել է գաղտնիության և ապակենտրոնացման տեխնոլոգիաների պաշտպանության, ինչպես նաև «բոլորի համար ավելի անվտանգ և թափանցիկ առցանց տարածք ստեղծելու վրա»: