Google-ը Android 15 QPR2 Beta 1 տարբերակում ներկայացրել է Terminal գործիքը
Հասարակություն
Google-ը Android 15 QPR2 Beta 1 տարբերակում ներկայացրել է Terminal գործիքը, որը թույլ է տալիս սմարթֆոնների վրա գործարկել Linux-ի համար նախատեսված ծրագրակազմը։ Այս գործառույթը, որը նախատեսված է փորձառու օգտատերերի և մշակողների համար, նպատակ ունի ավելի գրավիչ դարձնել Android հարթակը: Ներկայումս հավելվածը հասանելի է միայն թեստային ռեժիմում։ Այս մասին հայտնում է Android Authority-ն։
Terminal-ն ակտիվացնելու համար անհրաժեշտ է մտնել կարգավորումների բաժին (Settings), այնուհետև գտնել System մենյուն, ապա բացել Developer Options և սեղմել Linux Development Environment հրահանգը: Ակտիվացնելուց հետո Terminal-ի պատկերակը կհայտնվի հիմնական հավելվածների ցանկում: Քանի որ Terminal-ը դեռ բետա թեստավորման փուլում է, հավելվածը երբեմն պատահականորեն փակվում է գործարկման ժամանակ:
Android-ի կողմից Linux ծրագրային ապահովման համար տերմինալի ավելացումն արտացոլում է Google-ի երկարաժամկետ ռազմավարությունը՝ ստեղծելու ավելի արդյունավետ աշխատանքային միջավայր, որն առավելագույնս կօգտագործի ժամանակակից սարքերի հաշվողական հզորությունը:
Առայժմ հաստատ հայտնի է, որ Terminal-ն աշխատում է Pixel սմարթֆոնների վրա։ Android Authority-ն այլ ապրանքանիշերի սարքերի օգտատերերի թողած կարծիքների մասին չի նշում։