Հետազոտությունները ցույց են տալիս, որ սև հումոր սիրում են բարձր IQ ունեցող մարդիկ
Հասարակություն
Ավստրիացի գիտնականները կարծում են, որ սև հումորի հանդեպ սերը կարող է լինել բարձր ինտելեկտի նշան:
Վիեննայի բժշկական համալսարանում Ույրիկե Ուիլինգերի ղեկավարած մասնագետների ուսումնասիրությունը ցույց է տալիս կապը սև հումորի և ինտելեկտի ու ագրեսիայի մակարդակների միջև: Արդյունքները հրապարակվել են Cognitive Processing ամսագրում:
Ուսումնասիրության հեղինակները սև հումորը բնութագրում են որպես «հումորի մի տեսակ, որը կենտրոնանում է այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են մահը, հիվանդությունը, ֆիզիկական արատները, թերությունները և պատերազմը, և դաժանորեն ծաղրում է այդ ողբերգական, անհանգստացնող կամ ցավոտ թեմաները հումորային արտահայտություններով»:
Հետազոտության մասնակիցները 156 չափահաս տղամարդիկ և կանայք էին: Նրանց միջին տարիքը 33 տարեկան էր, և նրանք բոլորը կրթության տարբեր մակարդակ ունեին:
Մասնակիցների խնդիրն էր գնահատել գերմանացի ծաղրանկարիչ Ուլի Շտեյնի 12 մռայլ կոմիքսները՝ նվիրված մահվանը, հիվանդություններին, վնասվածքներին և բժշկությանը:
Նրանք պետք է պատմեին, թե արդյո՞ք նրանց համար դժվար է կատակն ընկալելը, գռեհի՞կ էր այն, արդյո՞ք դրա մեջ իմաստ կար, և արդյո՞ք նրանք համարում էին կատակների թեման հետաքրքիր:
Օրինակ, ուրվագծերից մեկում բժիշկը հղի կնոջը բացատրում է հետազոտության արդյունքները: «Սկսենք բարի լուրից», – ասում է նա: «Ձեր երեխան միշտ կգտնի կայանատեղի»: