Samsung և OpenAI ընկերությունները բանակցում են գործընկերային համաձայնագրի շուրջ
Հասարակություն
Samsung և OpenAI ընկերությունները բանակցում են գործընկերային համաձայնագրի շուրջ, որի շրջանակում ChatGPT-ն կինտեգրվի Galaxy AI ծառայությանը, հայտնում է The Information պարբերականը։
Samsung-ը ներկայումս օգտագործում է իր սեփական Large Language Model (LLM) և Google Gemini նեյրոնային ցանցը՝ Galaxy AI համակարգի աշխատանքի համար:
Օրինակ՝ Apple-ն ակտիվորեն օգտագործում է OpenAI-ի ChatGPT-ն իր Apple Intelligence համակարգում: Այնուամենայնիվ, Apple-ի սարքերը տեղում օգտագործում են սեփական արտադրության լուծումներ և ChatGPT-ն ակտիվացնում են միայն որոշակի առաջադրանքներ կատարելու համար:
Հավանաբար Samsung-ը կհետևի այդ օրինակին կամ կտրամադրի ChatGPT-ն՝ որպես սեփական LLM-ի և Gemini-ի լիարժեք այլընտրանք: Սակայն, ինչպես հայտնում է The Information-ը, Samsung-ի և OpenAI-ի միջև բանակցությունները դեռ վաղ փուլում են, և դրանց արդյունքը մնում է անորոշ։
Բացի դրանից՝ խոսվում է, որ OpenAI-ը մշակում է ChatGPT-ի վրա հիմնված իր սեփական դիտարկիչը և արդեն վարձել է մշակողների, որոնք նախկինում աշխատել են Google Chrome-ի՝ աշխարհի ամենահայտնի դիտարկչի վրա: