«Վատ չինովնիկ կամ լավ չինովնիկ» սցենարով լցնում են քաղաքական դատարկ օրակարգը. Արմեն Բադալյան
Հասարակություն
Ինչ է կատարվում իշխանական բուրգում վերջին աղմկոտ պաշտոնանկությունների ֆոնին` «Իրավունք»-ը պարզել է քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ զրույցում:
— Պաշտոնանկությունների նոր ալիքն ինչո՞վ է պայմանավորված այս փուլում, սա կադրային ջա՞րդ է:
— Կարծում եմ՝ այստեղ որեւէ արտառոց երեւույթ եւ որեւէ արտառոց գործընթաց դեռեւս տեղի չի ունեցել: Կադրերին վարչապետը նշանակում է, իր ունեցած լիազորությունների սահմանում էլ նաեւ ազատում է՝ առաջարկելով նրանց ազատման դիմում գրել, ու նրանք էլ դիմում են գրել ու ազատվել են: Ասել, թե այդ ամենը ինչո՞ւ տեղի ունեցավ, պետք է նշեմ, որ ընդամենը օրակարգը դատարկ էր, եւ պետք էր լցվեր այն, քանի որ Խաղաղության պայմանագիրն անորոշ է շարունակում մնալ, հայտնի էլ չէ, թե երբ կկնքվի: Շատ անորոշ ժամանակով հետաձգված է, իսկ բյուջեի հետ կապված որեւէ նվաճումներ էլ չկան: Եթե այս ազատումները չլինեն՝ միգուցե ուշադրություն դարձնեին ՀՀ բյուջեին, որը երկրի զարգացմանն ուղղված որեւէ նշույլներ անգամ չունի: Փաստորեն, ստացվում է այնպես, որ դատարկ օրակարգ է մնում: Այժմ էլ կարելի է նաեւ ինչ-որ թատերական գործընթաց սկսել՝ «վատ թագավոր կամ լավ թագավոր», «վատ չինովնիկ կամ լավ չինովնիկ» սցենարով եւ հենց այդ սցենարով էլ լցնել քաղաքական օրակարգը, ինչը վարչապետն արել է:
— Փաշինյանի սափրվելը շատերի կողմից տարբեր մեկնաբանումների արժանացավ: Ոմանք այն կապեցին սատանայպաշտության հետ, քանի որ սափրվեց 6 տարի, 6 ամիս ու 6 օր կառավարելուց հետո: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:
— Ըստ իս, դրանք, պարզապես, անլուրջ բաներ են: Եթե որեւէ մեկն անգամ այդ 666-ով է առաջնորդվում, ապա թող այդպես էլ շարունակի: Այդ սափրվելը չեմ կարծում, որ որեւէ բան նշանակում է: Դրանից կարելի է անել հետեւություն, որ եթե իր մազերն էլ կտրեց, ապա հաջորդն էլ դա՞ պետք է դնենք ու քննարկենք, թե ինչի՞ համար է Նիկոլն իր մազերը կտրել կամ եթե ինչ-որ դեղին փողկապ կապի, ապա պետք է ասենք՝ մինչեւ այժմ կապույտ էր կապում, դրանից հետո ինչո՞ւ է սկսել դեղինը կապել (դա պայմանական եմ նշում): Այս ամենը, կարծում եմ, այնքան էլ լուրջ չէ, եւ ես ինքս եւս լուրջ չեմ վերաբերվում այդ ամենին: Ինչ-որ արտառոց բան չի եղել: Նույնը վերաբերում է այդ հրաժարականներին:
Եթե ուշադրություն դարձնենք, ապա հարց է ծագում, թե քանի անգամ է նույն ԲԴԽ նախագահը փոխվել (կարծեմ՝ մի քանի անգամ): Եթե տարբեր անգամներ նույն իրավիճակը եղել է, ապա մեկ անգամ էլ կփոխվի: Ի՞նչ է եղել: Քանի՞ անգամ է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին պաշտոնից պաշտոն տարել: Չի բացառվում, որ հիմա էլ կարող է մեկ այլ պաշտոնի նշանակել, ու մեկ այլ լիազորություններ վերջինս ստանձնի: Քանի՞ անգամ է տարբեր նախարարների փոխել:
Ինչ-որ մի արտառոց բան ասել այդ ամենի մասին եւ նշել, որ հենց այս ամենից ինչ-որ նոր բան է գալիս, արտահերթ ընտրությունների է արդեն պատրաստվում եւ այլն, կամ ինչ-որ նման այլ արտահայտություններ, ճիշտ չէ:
— Փաստորեն, կարծում եք, որ ոչ թե հստակ ծրագիր կա, այլ անորոշ վիճակ է, ինչն իշխանությունը փորձում է հնարավորինս երկարաձգե՞լ:
— Նիկոլ Փաշինյանն այս պահի դրությամբ վստահ չէ, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփն ի՞նչ քաղաքականություն է իրականացնելու նույն Հարավային Կովկասի նկատմամբ: Ոչ մեկը դա չգիտի: Դրա համար էլ անորոշ եւ երկար ժամանակով, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիրը, որը իշխանությունները հույս ունեին Ադրբեջանի հետ կնքել մինչեւ COP29-ը, տեղի չունեցավ: Շատ հավանական է, որ մինչեւ տարվա վերջ էլ չի կնքվելու Խաղաղության պայմանագիրը եւ անորոշ ժամանակով, մի քանի ամսով այդ նույն Խաղաղության պայմանագիրը հետաձգվի: Հիմա դեսպանն անգամ չգիտի` ինքն այստեղ մնալո՞ւ է, թե՞ Թրամփն իրեն հանելու է եւ մեկ այլ դեսպան է բերելու կամ ինչ-որ հրահանգ է տալու՝ ակտիվություն չդրսեւորել, որովհետեւ ոչ ոք ոչ մի բան չգիտի: Հիմա այդ դատարկությունն ինչ-որ մի բանով պետք է լցնել:
Նույն դատարկությունը կլցնեն նշանակումներով: Լրագրողներն էլ կսկսեն քննարկել հրաժարականի հարցը, դրանից հետո ինչ-որ պաշտոններ կնշանակեն եւ հետո կսկսեն քննարկելը, թե ինչու այս մարդը դարձավ այսինչ պաշտոնը զբաղեցնող եւ ոչ թե` այնինչ մարդը: Այսինքն` ինքը իր համար օրակարգն է լրացնում, իսկ հաշվի առնելով, որ ընդդիմությունը ոչինչ չի անում իր օրակարգով առաջնորդվելու համար, ապա, բնականաբար լրագրողները սկսում են գրել այդ իշխանության օրակարգ լցնելու թեմաների շուրջ: Ահա հենց այս վիճակն է համատարած կերպով տիրում, եւ ինչ-որ մի լուրջ քննարկումներ կամ լուրջ հետեւություններ անել՝ կարծում եմ այնքան էլ պետք չէ: Պարզապես օրակարգ է լցնում, այդքան բան: Այլ որակում տալ այս իրավիճակին, ես չեմ կարող: Այստեղ նաեւ հարց կարող է առաջանալ, թե ինչու այս նշանակումները եղան Թրամփի հետ խոսելուց հետո: Թրամփը հո չի խոսել Քննչական կոմիտեի ղեկավարին ազատելուց եւ իր համաձայնությունն էլ տվել: Դա այնքան էլ այդպես չէ:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ