Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ ես ճիշտ էի. ՀՀ-ում Բելառուսի դեսպանը փակագծեր բացեց
ՏեսանյութերՀայաստանի խորհրդայնացման 104-րդ տարեդարձի առթիվ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը ծավալուն ելույթով հանդես եկավ՝ ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՆՅՈՒԿԸ:
«ԽՍՀՄ-ՈՒՄ ՈՉ ՈՔ ԱՎԵԼԻ ՄՈՏ ՉԻ ԵՂԵԼ ՌԴ-ԻՆ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
Դիվանագետն անկեղծացավ, որ իրեն բախտավոր է համարում, որ Բելառուսում իրավապահ համակարգում իր տարիների կարիերայից հետո՝ նշանակվել է Հայաստանում դեսպան։
«Ես հասկացա, որ գալիս եմ ընկերներիս մոտ։ Գալիս եմ քրիստոնյաների երկիր: Մենք, ինչպես եւ դուք, քրիստոնյա ենք, ուստի՝ ես կարծում էի, որ ինձ համար հեշտ կլինի աշխատել այստեղ: Ընդ որում՝ այս հարցում բացարձակապես չեմ սխալվել: Երբ եկա, զգացի աջակցություն ու ջերմություն, ինձ շատ լավ ընդունեցին, նույնիսկ սկզբում իշխանություններն ինձ լավ ընդունեցին։ Իհարկե, ես միշտ հիշում եմ 2021 թվականին «Իրավունք TV»-ին տված իմ հարցազրույցը: Դեռ, որպես անփորձ դիվանագետ, ես ասելի էի այնպիսի խոսքեր, որոնք ասում են, թե դիվանագետները չպետք է բարձրաձայնեն: Բայց հիմա, հետադարձ հայացք նետելով արդեն անցած ժամանակի վրա՝ հասկանում եմ, որ արել եմ միանգամայն ճիշտ: Այո՛, իրադարձությունների զարգացումը Հայաստանում ցույց են տալիս, որ ես ճիշտ էի։ Թեպետ այն ժամանակ, երեւի, ոչ բոլորն էին ինձ հետ համաձայն, հատկապես իշխանության ներկայացուցիչները:
Այդ հարցազրույցի ժամանակ ինձ շատ նորմալ, ոչ սադրիչ հարց տրվեց: Մենք քննարկում էինք Միութենական պետության թեման (ի դեպ, շուտով Ռուսաստան- Բելառուս Միութենական պետության տարեդարձն է, որի կապակցությամբ Մոսկվայում շատ լուրջ միջոցառումներ են լինելու), եւ մենք հանգեցինք այն եզրակացության, որ եթե չլիներ այս Միութենական պետությունը, Բելառուսը չէր հասնի այն արդյունքներին, ինչ ունենք այսօր։ Ասում են՝ դիվանագետի լեզուն տրված է նրա համար, որ մտքերը թաքցնի: Բայց, դա, երեւի, այնքան էլ ճիշտ չէ: Ու ես այդ ժամանակ, հավանաբար, ասացի մի ոչ պոպուլյար բան: Անդրադարձանք նրան, որ Միութենական պետությունը երկու լուրջ անդամ ունի՝ մեծ երկիր ու փոքր երկիր՝ Ռուսաստանը ու Բելառուսը եւ պակասում է երրորդ երկիրը։ Ո՞րն է այն: Չասացի, միայն նշեցի, որ պակասում է։ Բայց իմ հարցազրույցի հաջորդ օրը քննադատությունների տարափ սկսվեց իմ դեմ, թե ես իբրեւ ասել եմ, որ դա Հայաստանն է։ Բայց իմ խոսքից միայն կարելի էր ենթադրել, որ հենց նկատի ունեի Հայաստանը, քանի որ այն ամենամոտն է Ռուսաստանին եւ Բելառուսին: Իսկ եթե վերցնենք Խորհրդային Միությունը, ապա հավանաբար ոչ ոք ավելի մոտ չի եղել Ռուսաստանի Դաշնությանը, քան Հայաստանը։ Այս հարցում միայն Բելառուսը կարող է մրցակցել Հայաստանի հետ», - ընդգծեց դեսպանը:
«ՄԵՆՔ ԽԱՄԱՃԻԿՆԵՐ ՉԵՆՔ՝ Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
Անդրադառնալով Բելառուսին՝ դեսպանը նշեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ընկած ժամանակահատվածում երկիրը մեծ հաջողությունների է հասել՝ շնորհիվ Ռուսաստանի հետ լինելու։
«Գլխավորն այն է, որ կարողացանք ստեղծել անկախ պետություն, որն ինքն է որոշում, թե որ ճանապարհով գնա, ինչ անի, ինչ ասի եւ այլն։ Մենք խամաճիկներ չենք՝ ի տարբերություն այլ պետությունների։ Մենք ոչ մեկի հրամանը չենք կատարում՝ ո՛չ հանուն փողի, ո՛չ հանուն ինչ-որ նպատակների։ Մենք անում ենք այն, ինչ կարծում ենք, որ անհրաժեշտ է։
Բելառուսի արդյունաբերության զարգացման մասին չեմ խոսի, քանի որ այս հարցում մեր բախտը բերել է այն առումով, որ Բելառուսը, կարծես, Խորհրդային Միության ժառանգության հավաքակետը լինի: ԽՍՀՄ-ն ուներ 15 հանրապետություն, յուրաքանչյուրը կատարում էր իր դերը։ Բելառուսը, ըստ երեւույթին, ամենաբախտավորն էր, որովհետեւ մեր գորածաններում էր վերջնական հավաքվում արտադրանքը: Այսինքն՝ մենք ունեինք շատ հզոր տնտեսական, արդյունաբերական ներուժ։ Եվ ի հպարտություն ասեմ, որ ոչ մի ձեռնարկություն մենք չկորցրեցինք՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ո՛չ մի հատ: Ավելին, մենք դրանք ավելացրել ենք։ Այսօր աշխարհում բոլորին է հայտնի այնպիսի տնտեսապես հզոր ձեռնարկություններ, ինչպիսիք են՝ ԲելԱԶ-ը, ՄԱԶ-ը, տրակտորի գործարանը եւ այլն: Հիմա դրանք միայն ավելի հզոր են դարձել: Բելառուսական արտադրանքը հայտնի է եւ սիրված նաեւ Հայաստանում: Միակ խնդիրն այն է, որ չենք կարող ավելացնել արտահանումը, քանի որ լոգիստիկան խանգարում է:
Փաստը մնում է փաստ, որ այս ընթացքում էլ՝ 1991 թվականից հետո, մենք զգալիորեն բարելավել ենք մեր տնտեսական ներուժը։ Եվ այս առումով մենք մեզ բավականին հանգիստ ու վստահ ենք զգում։ Իհարկե, չեմ կարող չասել, որ դա եղել է այդ թվում Ռուսաստանի շնորհիվ։ Այս մասին օրեր առաջ նշեց նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Եթե Ռուսաստանը չլիներ, մենք նման հաջողություն չէինք ունենա։ Ես սա ասում եմ անկեղծորեն, որպես մարդ, ով ապրել է Խորհրդային Միությունում, ով տեսել է, թե ինչ է կատարվում եւ ով դեռ հետեւում է իրադարձությունների զարգացմանը։ Ռուսաստանը մեզ օգնեց 2020թ.-ին եւս, երբ փորձում էին ճոճել մեր պետության հիմքերը, ինչպես հիմա սասանում են վրացիների պետությունը: Չնայած՝ կեցցեն վրացիները, իրենց այժմյան վարչապետը հարգանքի է արժանի, իսկական տղամարդ է։ Այնտեղ մարդիկ սկսել են ձգտել պահպանել իրենց ինքնությունը, ավանդույթները: Ախր, համասեռամոլներն ու Վրաստանը կամ համասեռամոլությունն ու Հայաստանն, անմեկտեղելի են: Ինչպե՞ս կարող են վրացիներին այդ ցեխի մեջ խեղդել: Չէ որ Կովկասում դեռ բարուրի մեջ, տղաներն արդեն կանանց են նայում: Եվ դա հիանալի է, նորմալ է», - շեշտեց դեսպանը՝ հավելելով, որ բավականին բարդ ու դժվարին շրջանում ենք ապրում:
«ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԼԻՆԵՆՔ ՌԴ-Ի ՀԵՏ. ՍԱ ՆՈՐՄԱԼ Է Ե՛Վ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ, Ե՛Վ ՆՈՒՅՆԻՍԿ ՏՐԱՄԱԲԱՆՈՐԵՆ»
Արտակարգ եւ լիազոր դեսպանը խոսեց նաեւ 44 օրյա պատերազմի մասին: Նա ասաց, որ այդ օրերին լինելով Հայաստանում, շատ մեծ ցավ է ապրել՝ տեսելով պատերազմի հետեւանքները եւ դրան հաջորդած իրադարձությունները:
«1985 թվականին ես մասնակցել եմ Աֆղանստանի պատերազմին։ Այնտեղ անցկացրել եմ երկու տարի եւ հասկանում եմ, թե ինչ է նշանակում պատերազմը Հայաստանի համար։ Պատերազմը կարճ տեւեց՝ 44 օր, բայց հետեւանքները ծանր են։ Դիլիջանի մոտ մի առողջարան կա: 1921 թվականի հունվարի սկիզբն էր, որ Աֆղանստանում ծառայած ընկերներիս հետ, որոնք հաճախ էին լինում Հայաստանում, գնացինք այնտեղ: Այդ առողջարանում մենք հանդիպեցինք այն տղաների հետ, ովքեր մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին։ Ընդ որում՝ առողջարանը բավականին օրիգինալ է։ Այնտեղ տղաներ կային, որոնք բուժվում էին ոչ թե ֆիզիկական, այլ շատ ավելի ծանր վնասվածքներից: Դուք հասկանում չէ, թե ինչի մասին եմ խոսում… Նրանք 18 տարեկան տղաներ են, ովքեր մահ են տեսել, սպանություն են տեսել, սարսափելի պատկերներ են տեսել եւ ոչ բոլորն են կարողացել դիմանալ, եւ այսօր հոգեբանական կամ հոգեբուժական օգնության կարիք ունեն։
Հայաստանն, իսկապես, անցնում է շատ բարդ ճանապարհ։ Եվ մենք ինքներս էլ մեր վրա ենք զգացել, որ պետք է միասին լինենք: Եվ ամենակարեւորը՝ մենք պետք է միասին լինենք Ռուսաստանի հետ։ Սա նորմալ է ե՛ւ պատմականորեն, ե՛ւ նույնիսկ տրամաբանորեն։ Լինելով փոքր երկիր՝ պետք է լինել ավագ ընկերոջ հետ, հզոր կողմի հետ։ Հակառակ դեպքում՝ չի կարող երկիրը գոյատեւել, մեծ խնդիրներ կլինեն։ Տեսեք, չնայած այն հանգամանքին, որ մենք սկզբունքորեն դեմ էինք Խորհրդային Միության փլուզմանը, բայց դա պատմականորեն այնպես եղավ, որ տեղի ունեցավ հենց մեր տարածքում՝ Բելովեժսկայա Պուշչայում, ինչը փաստ է։ Բայց մենք կարողացանք մնալ հզոր եւ ուժեղ՝ տնտեսական, արդյունաբերական եւ ռազմական առումով՝ շնորհիվ Ռուսաստանի։ Մենք այսօր զինված ենք միջուկային զենքով, որն այս պահին մարտական հերթապահություն է իրականացնում՝ էլի շնորհիվ Ռուսաստանի։ Հետեւաբար, մեր ուժը՝ ոչ միայն Բելառուսի, այլ նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի, միայն միասնության մեջ է: Միայն Ռուսաստանի հետ միասին կարող ենք հաղթահարել բոլոր այն դժվարությունները կամ բոլոր այն դժբախտությունները, որոնք երբեմն պատահում են մի երկրների գլխին՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Բելառուսի», - եզրափակելով խոսքը՝ ասաց Ալ. Կոնյուկը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ