Գիտնականները պարզել են՝ որն է որակյալ քնին նպաստող կարևոր գործոններից մեկը
Հասարակություն
Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները հաստատել են այն վարկածը, որ օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվության մակարդակի բարձրացումն օգնում է բարելավել գիշերային քնի որակը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep Health ամսագրում:
Գիտնականներն ուսումնասիրել են միջինում 12 տարեկան 1168 երեխայի և նրանց ծնողների՝ միջինում 44 տարեկան 1360 մեծահասակի տվյալներն ու արձանագրել, թե օրվա որ ժամին են բոլոր մասնակիցները ֆիզիկապես առավել ակտիվ՝ համեմատելով այդ տվյալները քնի որակի ցուցանիշների հետ։
Պարզվել է, որ չափավոր ու ինտենսիվ ցերեկային ակտիվություն ցուցաբերող երեխաների ու մեծահասակների քունն ավելի հանգիստ է լինում, գիշերվա ընթացքում նրանք ավելի հազվադեպ են արթնանում, իսկ օրվա ընթացքում հոգնածության մակարդակն ավելի ցածր է լինում։ Ընդ որում՝ ֆիզիկական ակտիվությունն ուղղակիորեն կապված էր քնի արդյունավետության բարձրացման՝ իսկապես հանգստի համար օգտոգործվող ժամերի ավելացման հետ։
Ավելին՝ նշվում է, որ սովորականից շուտ քնելն ու դրա տևողության երկարացումը հակառակ ազդեցությունն են ունենում՝ հաճախ դառնալով անհանգիստ քնի պատճառ։