Գիտնականները պարզել են՝ ինչու են կանայք դաշտանադադարից հետո գիրանում
Հասարակություն
Գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց օրգանիզմում էստրոգենի մակարդակի նվազումը նվազեցնում է նաև ճարպերի նկատմամբ համային ընկալիչների զգայունությունը, ինչը կարող է դառնալ ճարպոտ մթերք օգտագործելու ցանկության մեծացման պատճառ ու նպաստել քաշի ավելացմանը։ Մկների վրա անցկացված այս հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Physiology-Endocrinology and Metabolism պարբերականում։
Ավելի վաղ անցկացված հետազոտութոյւնները ցույց են տվել, որ էստրոգեն հորմոնն ազդում է ախորժակի, սննդի ընդունման ու մարմնի զանգվածի վրա։ Գիտնականները հատուկ թեստի միջոցով ուսումնասիրել էին, թե ինչպես է հորմոնն ակտիվացնում համի վերաբերյալ ազդանշանների փոխանցումը արու և էգ մկների մոտ (մինչ դաշտանադադարն ու դաշտանադադարից հետո)։ Թեստի ժամանակ մկները կարող էին ընտրել կամ հասարակ մաքուր ջուր, կամ ջուր, որին ավելացված էր ճարպաթթվի մի տեսակ՝ լինոլաթթու։ Գիտնականները նաև վերլուծել են գեների էքսպրեսիան ու ազդանշանային ռեակցիան էստրոգենով մշակված համային բջիջներում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ արու մկների ու հետդաշտանադադարային շրջանում գտնվող էգ մկների մոտ շրջանառվող էստրոգենի մակարդակն ավելի ցածր էր, քան նախադաշտանադադարային շրջանում գտնվող էգ մկների մոտ, ինչի հետևանքով էլ նրանք նախապատվությունը տալիս էին ճարպաթթուներով հարստացված ըմպելիքին։