Միջոցներ ձեռնարկել՝ միջազգային օրենքով դատապարտվող երեւույթները ՀՀ-ում արմատախիլ անելու գործում. Հակոբյան
Ներքաղաքական
«Հիշեցնեմ, որ NSDAP-ի (Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության) առաջնորդ Ադոլֆ Հիտլերի անձնական պաշտպանության համար ստեղծվել էր մի կառույց` SS (էսէս) անվանումով` Schutzstaffel — «անվտանգության/պաշտպանության ջոկատներ»: 1934 թվականից այդ ջոկատները ենթարկվում էին անձամբ Հիտլերին եւ SS-ի ռայխսֆյուրեր Հենրիխ Հիմլերին: SS-ի ջոկատների լիգատուռան էին կողք-կողքի դրված երկու ԿԱՅԾԱԿՆԵՐ` ֆիլմերում տեսած կլինեք (ի դեպ, 2018-ի «հեղափոխության» ժամանակ այդ լիգատուռայով հայերեն գրվեց ռուսերեն «духов» բառը): Էլեկտրական հոսանքի հետ աշխատող ցանկացած մասնագետ ծանոթ է զգուշացնող եւ միաժամանակ արգելակող պլակատներին, որոնց վրա նկարված է կայծակ: Այնպես որ, կարծում ենք, որ այս կազմակերպության իրական հեղինակներն այս նորաթուխ կազմակերպությունը հատուկ են անվանել «Հոսանք»՝ այն ուղիղ կապ ունի Հիտլերի SS-ի ջոկատների կայծակների հետ», - անդրադառնալով՝ նացիստական գաղափարախոսություն ունեցող «Հոսանք» կազմակերպությանը՝ գրել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ ընդգծել. «Իրավունք»-ի
շնորհիվ տեղեկացանք նշված կազմակերպության նախատեսված համագումարի մասին: Թերթի բարձրացրած աղմուկի շնորհիվ, տեղեկացանք նաեւ այդ միջոցառման չեղարկման մասին` համենայն դեպս «Էլիտ Պլազա» հյուրանոցում: Դե, ինչ, երբ նույնիսկ հյուրանոցի մակարդակով ընդհատվեց նախատեսված համագումարը, ուրեմն՝ այժմ էլ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն են պարտավոր ապացուցել, որ հարգում են օրենքը, որի համաձայն միջազգայնորեն դատապարտվում են նացիզմն ու ֆաշիզմը: Ուստի, ոչ միայն Հայաստանում, այլեւ Եվրոպայում, ուր այդպես ձգտում է «ժողովրդավարության բաստիոնը» սպասում են, որ Հայաստանի Հանրապետությունում միջոցներ ձեռք առնվեն նացիստական այդ կազմակերպության դեմ: Էլ չեմ ասում, որ դա կարող է Հայաստանի նկատմամբ սանկցիաներ մտցնելու առիթ հանդիսանալ: Հիշեցնեմ, որ 2024 թ. հունվարի 3-ին Իսրայելի դեսպանը Հայաստանում գրել էր, որ պետք է սաստել Հայաստանում իբրեւ թե գլուխ բարձրացնող նացիզմը: Ի դեպ, այժմ էլ ադրբեջանական մամուլը ուժ ու եռանդ չի խնայում այդ մասին բարձրաձայնել տարբեր լեզուներով: Այնպես, որ, արդեն իսկ պարզ է, թե քամին որտեղից է փչում, եւ իրականում ինչ նպատակով է Հայաստանում ի հայտ գալիս նման կազմակերպություն... Հուսանք, որ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը նույնպես ուժ ու եռանդ չեն խնայի միջազգային օրենքով դատապարտվող երեւույթները Հայաստանում արմատախիլ անելու գործում»: