Մյուդ Գարեգինի Պետրոսյան. բացառիկ վիրաբույժ, ով իր գործի նվիրյալն էր և այսօր կդառնար 100 տարեկան
Հասարակություն
Իրենց աշխատանքին նվիրյալների մասին խոսելն ինչ խոսք, մշտապես արժե: Սակայն բացառիկների մեջ ևս կան բացառիկներ, որոնք շարունակ լավագույն օրինակն են յուրաքանչյուրի համար: Մյուդ Գարեգինի Պետրոսյանը հենց այն բացառիկներից մեկն է եղել, ում պետք է ճանաչեն շատերը: Այսօր նրա ծննդյան օրն է, ով կդառնար 100 տարեկան: Մարդ, առանց որի բժշկության ոլորտն իսկապես դժվար կլիներ պատկերացնել: Հայտնի վիրաբույժ, ում ձեռքով ինչ խոսք, հրաշքներ են իրականացվել: Իր գործին նվիրյալ վարպետը ծնվել է Վրաստանի Ախալքալաք քաղաքում 24.02.1925թ.-ին: Երեվանի Բժշկական համալսարանն ավարտելուց հետո կնոջ հետ անցել է Սյունիքի մարզի Քաջարանի հիվանդանոցում աշխատանքի։ Ինքը վիրաբույժ, կինը գինեկոլոգ։ 1963թ-ից աշխատել է Աշտարակում՝ որպես վիրաբուժական բաժնի վարիչ, որից հետո տեղափոխվել է Երեվանի «Մալաթիայի» հիվանդանոց, որտեղ նույնպես եղել է վիրաբուժական բաժնի վարիչ։ 1973թ-ից աշխատել է Էջմիածնի վիրաբուժական բաժնի վարիչ։ Ի դեպ, հատկանշականն այն է, որ եթե առաջ Էջմիածնից հիվանդները Երեվան էին գնում՝ ծանր վիրահատություներ կատարելու, ապա բժշկի օրոք Երեվանից գնում էին Էջմիածին, որպեսզի հենց նա կատարեր վիրահատությունը։ Ահա հենց այսպիսի անձնավորություն էր նա: Էջմիածնից հետո Մյուդ Գարեգինի Պետրոսյանը տեղափոխվել է Երեվանի երկաթ գծի հիվանդանոց, որտեղ աշխատել է մինչև 29.11.1987 թ.-ը:
Բազմաթիվ կյանքեր փրկվել են հենց նրա շնորհիվ: Նա իսկապես նոր կյանք էր տալիս իր բոլոր հիվանդներին: Շատերը գուցե կարծեն, ընդամենը վիրահատություն է և ցանկացած վիրաբույժ էլ կարող է անել իր աշխատանքը, սակայն Պետրոսյանի բացառիկությունն էլ հենց դրանում էր կայանում, որ նա կատարում էր այնպիսի բարդ վիրահատություններ, որի մասին շատերն անգամ կարող էին երազել: Ավելին, նա իր կատարած վիրահատություններով մարդկանց նոր կյանք էր պարգևում:
Դիանա Մանուկյան