Համբարձման կամ «Ջան գյուլումի» տոն կնշվի մեծ շուքով եւ ուխտագնացությամբ
Արխիվ 16-20
Մայիսի 25-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշում է Համաբարձման տոնը, որը ժողովրդի շրջանում հայտնի է նաեւ «Վիճակ» կամ «Ջան գյուլում» անուններով: Համբարձման տոնը շարժական տոներից է եւ նշվում է Քրիստոսի հարությունից 40 օր հետո, այն միշտ տոնվում է հինգշաբթի օրը: Համբարձում նշանակում է` բարձրացում:
ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր ՊԵՏՐՈՍ ավագ քահանա ՄԱԼՅԱՆԻ խոսքով` Քրիստոսն իր հարությունից հետո 40 օր շրջում է երկրի վրա ` աշակերտների հետ հանդիպելով, հարության եւ փառավորված մարմնով 40-րդ օրը բարձրանում է երկինք եւ նստում Հայր Աստծո աջ կողմում. «Այս ժամանակաշրջանում հանդիպում է իր առաքյալներին եւ խոստում տալիս, որ Սուրբ հոգու շնորհիվ նրանք շնորհներ կստանան, որի շնորհիվ կքարոզեն Երուսաղեմում եւ աշխարհի բոլոր ծայրերում: Այդպես էլ լինում է»,-նշեց Տեր հայրը եւ ընդգծեց, որ ամեն տարի եկեղեցին մեծ շուքով է նշում Համբարձման տոնը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, օրվան համահունջ քարոզ է ասում պատարագիչ քահանան. «Համբարձման տոնը ժողովրդի համար սիրելի է որպես ուխտագնցության օր: Մեր ժողովրդի ոտքերն այդ օրը միշտ տանում են դեպի Արայի լեռ, Սուրբ Ծաղկեվանք: Ավանդության համաձայն վաղը մեծ ուխտագնացություն ենք կազմակերպել դեպի Ծաղկեվանք, որտեղ կանցկացնենք մեծ միջոցառում` ազգային նկարագրով, երգ ու պարով: Ինչպես Բարեկենդանը, Վարդավառը եւ մյուս տոները, Համբարձման տոնը եւս ունի ազգային մեծ նշանակություն , ժողովուրդն ազգային մեծ տոնախմբությմաբ է դրանք նշում»,-փաստեց քահանան:
«Կէան» կրթամշակութային կենտրոնի հիմնադիր ՎԱՆՈՒՀԻ ՍԻՄՈՆՅԱՆԸ նշեց, որ տոնը սկսվում էր նախատոնակով: Տոնին նախապատրաստվում էին երեքշաբթի օրվանից. «Հավաքվում էին հիմնականում այն տանը, որտեղ կար սուրբ, հետո ընտրում էին տոնի հարսին, ով պետք է տոնի ժամանակ հաներ վիճակը: Չորեքշաբթի օրը ծաղկաքաղի օրն էր, դաշտերից ծաղիկներ էին հավաքում , փնջեր անում: Յոթ աղբյուրից ջուր են հավաքում: Հաջորդ օրը տոնի մասնակիցներն իրենց փնջած ծաղիկներով շրջում են տնետուն եւ գովում տան փոքր երեխային, որպես շնորհակալություն տանտիրուհին զոհաբերություն էր անում երեխաներին` նրանց տալով կա՛մ գումար, կա՛մ բնամթերք»,-ընդգծեց Վ. Սիմոնյանը եւ հավելեց, որ Համբարձումը ավելի շատ պահպանված տոներից մեկն է:
Վերջում քահանան նկատեց, որ տոնին վիճակ հանելը, պետք չէ շփոթել գուշակության հետ. «Սա ունի քրիստոնեական խորհուրդ, երբ Քրիստոսը համբարձվեց, դրանից հետո մինչեւ Սուրբ Հոգու գալուստը, առաքյալները հավաքվեցին եւ պետք է ընտրեին 12-րդ առաքյալին, որովհետեւ Հուդան ինքնասպանություն էր գործել: Առաքյալին ընտրելու համար նրանք վիճակ գցեցին»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ