Ես Թեւանյանին ամբիոն կնվիրեմ, թող տանը՝ հայելու առաջ կանգնի եւ ինքն իր հետ խոսի, եթե դա իր երազանքն է. Անի Խաչատրյան
Ներքաղաքական
Կրկին հերթական շոուն՝ Երեւանի ավագանու նիստի ժամանակ: Այս անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» խմբակցությունները բոյկոտեցին նիստը եւ հեռացան դահլիճից, որովհետեւ եկել էր «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը՝ ներկայացնելու տրանսպորտի գինը կրկին 100 դրամ դարձնելու վերաբերյալ նախագիծը: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
«ԹԵՎԱՆՅԱՆԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ 12 ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ»
— Նախ ինչո՞ւ լքեցիք դահլիճը:
— Այն նախագիծը, որը բերվել էր, ընդամենը հերթական շոուն էր եւ ոչ մի աղերս չուներ քաղաքացիների շահերի հետ: Նախագծի անունը դրված էր «100 դրամ», բայց այն իր մեջ նախահաշվարկ եւ հաշվարկ չէր պարունակում:
— Տարօրինակ չէ՞ր, որ Անդրանիկ Թեւանյանը, ով սկզբում հրաժարվել է պատգամավորի, ապա ավագանու մանդատից, հիմա հանկարծ որոշել էր հայտնվել ավագանու ամբիոնի մոտ:
— Գիտեք, սրանից մի քանի օր առաջ, երբ հանձնաժողովի նիստ եղավ, ես ինքս այդ հարցը տվեցի Թեւանյանին, թե՝ ինչո՞ւ արհամարհեց քաղաքացու քվեն եւ չվերցրեց ավագանու մանդատը: Թող գար, պայքարեր, եթե իրական ընդդիմադիր է: Թող գար եւ պաշտպաներ երեւանցու շահերը: Գուցե մենք ինչ-որ բան սխալ էինք անում, եւ ինքը` որպես ընդդիմության ներկայացուցիչ, գար, նախագծեր ներկայացներ, բոյկոտեր, հարցեր բարձրացներ: Նա, չունենալով պատասխան, անցավ ինչ-որ ցինիկ պատասխանների դաշտ, ինչի արդյունքում թեժացավ հանձնաժողովի նիստը: Նույնն էլ արեց նիստերի դահլիճում: Ես ասել եմ՝ Թեւանյանը նույնիսկ իր սեփական խմբակցության 12 ավագանու անդամներին չի վստահում, եւ ինքն էր ուզում ներկայացնել այդ նախագիծը: Պարզապես, ինքը ամբիոնի կարիք ուներ: Այո՛, իրավացի եք, նա նախ հրաժարվեց պատգամավորի մանդատից, հետո հրաժարվեց ավագանու մանդատից: Ես վստահ կարող եմ ասել, որ նա փոշմանել է եւ ամբիոններ է փնտրում, որ խոսի: Մեր դահլիճը լքելուց հետո, շատ ծիծաղելի էր նայվում, երբ կանգնել էր ամբիոնի մոտ եւ իր սեփական «լայվի» առաջ խոսում էր: Դրանից պարզ է դառնում, որ Թեւանյան Անդրանիկը խոսելու հարթակ է ման գալիս: Ես սիրով նրան կարող եմ ամբիոն նվիրել, եւ նա տանը՝ հայելու առաջ, կարող է կանգնել ու ինքն իր հետ խոսել, եթե դա իր երազանքն է: Մինչդեռ եկել էր քաղաքապետարան՝ իրականացնելու այդ երազանքը:
— Գուցե, Գյումրիի ավագանու ընտրություններին ընդառաջ, նման ամբիոնը որպես քարոզարշավի վայր օգտագործե՞լն էր նպատակը:
— Բնականաբար, Գյումրու ընտրություններն էին: Երեւանի ավագանու ամբողջ օրվա կարեւոր մաս էր դա եւ դիվիդենտներ շահելու առիթ: Ի դեպ, դա նկատվեց թե՛ Թեւանյանի թիմի կողմից, եւ թե՛ Հայկ Մարությանի թիմակիցների մոտ: Այստեղ ես հպարտորեն կարող եմ ասել, որպես քաղաքականության մեջ գտնվող մարդ, որ այսօրվա դահլիճում գտնվող երկու ընդդիմադիր խմբակցությունների թիրախում հենց «Հանրապետություն» կուսակցությունն էր, ինչը ցույց է տալիս, որ մենք գտնվում ենք առաջատար դիրքերում, շատ ուրախալի է: Այո՛, Գյումրու ընտրություններն էին խաղարկում, եւ թեւանյաններն ու մարությանները չգիտեմ ում էին պաշտպանում՝ իրենք այդպես էլ չկողմնորոշված հայտարարություններ էին անում: Հետեւաբար, դա քարոզարշավ էր Երեւանի ամբիոնից, բայց նորից ասեմ՝ շատ զարմանալիորեն իր համար, մենք նրան թողեցինք դահլիճում մենակ, եւ, բնականաբար, ուղիղ եթերն էլ ընդհատվեց, քանի որ նիստը չէր կայանում: Նա ստիպված իր սեփական «լայվի» առաջ մնաց մենակ:
«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԻՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ԿԱՏԱՐԵՑ»
— Գրեթե երկու տարի է, ինչ կազմավորվել է ավագանու այս կազմը, սակայն երկու անգամ է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ներկայացել նիստին, ընդ որում՝ մեկը հենց այս նախագծի քննարկման ժամանակ: Ի՞նչ կասեք այս մասին:
— Շատ ճիշտ դիտարկում արեցիք Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ: Այո՛, նա երկրորդ անգամն էր գալիս ավագանու նիստերին եւ վազել, կանգնել էր քաղաքապետի նստատեղի մոտ եւ այնտեղից ինչ-որ հայտարարություններ էր անում: Շատ ակնհայտ էր, որ դա իր մանկության երազանքն է եղել: Ավելի հստակ ասեմ ՝ կոյուղաջրերի հայտնի դեպքերից ի վեր՝ դեռ Տարոն Մարգարյանի իշխանավարության ժամանակ, իր երազանքն է եղել այդ ամբիոնը, եւ վերջապես կարողացավ այդ ամբիոնին մոտենալ եւ մեկ րոպե գոնե խոսել քաղաքապետի բարձրախոսից: Հույս ունեմ, որ Զարուհի Փոստանջյանը իր մանկության երազանքը կատարեց եւ այլեւս հանգիստ կթողնի քաղաքապետարանը:
— Ինչպես գիտենք, ավագանու մանդատից զրկվում են այն ավագանիները, ովքեր 3 անգամ անհարգելի բացակայություն են ունենում: Հարց է ծագում՝ ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանին չեն զրկում մանդատից:
— Փոստանջյանի հեռացման նախագիծը մենք բերել էինք, սակայն քվեարկությունը, ցավոք, չկայացավ: Եղան խմբակցություններ եւ ավագանու անդամներ, որոնք դեմ քվեարկեցին Զարուհի Փոստանջյանին մանդատից զրկելու նախագծին:
— Վերադառնանք չարաբաստիկ 150 դրամներին: Միեւնույնն է, ժողովուրդը բոյկոտում է եւ շատերը երթեւեկում են անվճար: Մի հատ էլ սահմանվել է տուգանք՝ 15.000 դրամի չափով: Որքանո՞վ է դա օրենքի դաշտում:
— Եթե այդ թիվը չլիներ օրենքի դաշտում, ապա գերատեսչությունից մեզ կգար պատասխան, որ այդ թիվը ճիշտ չէ: Ես համաձայն չեմ Ձեզ հետ, որ քաղաքացին բոյկոտում է: Շատ քիչ քաղաքացիներ են միգուցե բոյկոտում, ես անձամբ նման քաղաքացի չգիտեմ, որ բոյկոտի: Գիտեմ, որ տեխնիկական խնդիրներից ելնելով՝ չվճարող քաղաքացիներ կան: Ու քանի որ քաղաքացին գիտի, որ չվճարելու դեպքում այլեւս տուգանվելու է, չի ընկնի քաղաքական մանիպուլյացիաների շարքերը: Այդ բոյկոտն ընդամենը քաղաքական շոու էր: Ես քաղաքացիների մասով ամենեւին բան չեմ ասում, այլ նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ուղղակի քաղաքական շոուներ էին անում: Շատ եմ ցավում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ