Տարբեր բովանդակությամբ բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ եմ ստացել. Մհեր Բաղդասարյան
Մշակութային
Հաղորդավար Մհեր Բաղդասարյանը սոցցանցերի իր էջերում օրերս անդրադարձել էր Հայկական երաժշտական «Խազեր» մրցանակաբաշխությանը՝ դժգոհելով որոշ անվանակարգերի թեկնածուների և հաղթողների ընտրությունից։
«Բա Սիրուշոն, Ռոզա Լինը, Լիլիթ Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանն ու Տաթև Ասատրյանն ո՞ւր էին։ Թե ձեր ռադիոն իրենց երգերը չի բռնում։ Ինչո՞ւ «Լավագույն երգիչ» անվանակարգում (ամենայն հարգանքով) Արամեն կա, բայց Արկադի Դումիկյանը, Արմենչիկն ու Սարո Թովմասյանը չկան։ «Քավորի» մասին երգ չունե՞ն։ 3-4 տարի առաջ հայտնություն դարձած արտիստը «Տարվա հայտնության» մրցանակը «խլեց» էս տարվա հայտնության ձեռքից՝ Leah-ից»,- գրել էր նա:
Հաղրոդավարը նաև անդրադարձել է այդ գրառմանն արձագանքողներին, նշել, որ տարբեր բովանդակությամբ բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ է ստացել:
«Ազգային երաժշտական խայտառակությանն» անդրադառնալուց հետո աննկարագրելի քանակությամբ զանգեր ու նամակներ եմ ստացել՝ շնորհակալական, աջակցող ու սպառնացող բովանդակությամբ: Դրանցից ամենակարևորները՝ նոր, տաղանդավոր, բայց դեռ «անհայտ» արտիստներից էին: Որոշներն էլ փորձեցին մեղավորության զգացում մեջս ներարկել, իբր թե ճիշտ ես ասում, բայց դե չարժեր…
Ուրեմն լսեք՝ ես իմ մասնագիտական գիտակից կյանքում միշտ մի բան եմ արել՝ ճշմարտության մասին եմ խոսել իմ ունեցած բոլոր միջոցներով, հարթակներում՝ «Ես» ամսագրից մինչև Pop հանրագիտարան, Tete A Tete -ից մինչև «Օձի լեզու»: Ես դա եմ կարողանում անել»,- ինստագրամյան իր էջում գրել է Մհեր Բաղդասարյանը: