«ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՆԵՐՈՒՄ 3։2 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹՈՒՄ ԷԻ, ԵՐՐՈՐԴՈՒՄ 4։1 ՀԱՇԻՎ ԳՐԱՆՑԵՑԻՆ». ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆ

Վերջերս «Միկա» մարզական համալիրում կայացավ «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը։ Մասնակցեցին Հայաստանի, Կիպրոսի, Իսրայելի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Իրանի, Իրաքի, Պաղեստինի ու Մոլդովայի ներկայացուցիչները, Եվրոպայի, Ասիայի ու Աշխարհի չեմպիոններ, ուժեղագույն կաշվե ձեռնոցի մարտիկներ։ Մեր երկրի հավաքականը մրցաշարին մասնակցել է մեծաքանակ ավելի քան 30 բռնցքամարտիկներով։ Մեր մարզիկները նվաճեցին 6 ոսկե, 7 արծաթե ու 10 բրոնզե մեդալ։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը ներկա է գտնվել ու անձամբ հետևել մրցաշարի ընթացքին։ Արծաթե մեդալակիր, Եվրոպայի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի մրցանակակիր, ծնունդով Աբովյանից ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ, մեզ հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- 92 կգ քաշային կարգում եմ հանդես եկել ։Առաջին մենամարտս չկայացավ, քանի որ մրցակիցս չէր ներկայացել, երկրորդում հաղթեցի մեր հայրենակցին ։Իսկ ահա եզրափակչում մենամարտեցի ազգությամբ ռուս, Աշխարհի ու Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի հետ։
- Նարեկ, մեր աչքից չվրիպեց, որ դու առավել ակտիվ էիր, հաղթանակը քեզ պիտի շնորհեին ու շատ անարդար վարվեցին քեզ հետ։
- Ես առաջին և երկրորդ ռաունդներում 3։2 հաշվով հաղթում էի մրցակցիս, երրորդում 4։1 հաշիվ գրանցեցին ու նրան տվեցին հաղթանակը։
- Նարեկ, իսկ հետագա ծրագրերը որոնք են։
- Պիտի պատրաստվեմ Աշխարհի առաջնությանը, ջանք չեմ խնայի,լավ կպարապեմ, որպեսզի ոսկե մեդալը նվաճեմ։
- Նարեկ, տեղյակ եմ, որ զբաղվում ես նաև մարզչական գործունեությամբ։
- Այո, բազմաթիվ սաներ ունեմ իմ ծննդավայր Աբովյան քաղաքում անցած տարի մարզադպրոց ենք բացել, սաներ ունենք նաև Ակունք գյուղում։ Իմ լավ ընկեր, բռնցքամարտիկ Ջանիկ Սահակյանի հետ միասին մարզչական գործունեությամբ ենք զբաղվում, տարբեր տարիքային խմբերի, աղջիկների ու տղաների հետ։ Նրանց ենք փոխանցում տարիների ընթացքում մեր կուտակած մարզական փորձը, կարողությունները, հմտությունները։ Շատ կարևոր է, որ հեռու մնան այդքան վնասակար հեռախոսային խաղերից ու սպորտին ավելի շատ ուշադրություն դարձնեն, լինեն ֆիզիկապես առողջ, կոփված, ուժեղ, որպեսզի կարողանան հաղթահարել կյանքի ամեն մի դժվարություն։ Ինչպես ասում են առողջ հոգի, առողջ մարմնում։ Շատ կարևոր հանգամանք նշեմ, որ եթե պարապեն և ուժեղ լինեն, գնան Հայոց բանակ ծառայության, ապա շատ հեշտ կհաղթահարեն ամեն մի խոչընդոտ։
- Շնորհակալություն, Նարեկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




