Մեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան
Մշակութային
ԿԱՅԱՑԱՎ «ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՔՈՉԱՐԻ» ՖԻԼՄԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ
Երեւանյան մեծ էկրաններին բարձրացավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմը, որի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա եւ պատմում է հայկական հեռավոր գյուղից ռազմաճակատ մեկնած երեք ընկերների մասին, ովքեր արիաբար պայքարում են՝ պաշտպանելով հայրենի տունն ու հողը։ Պատերազմի դաժան թոհուբոհում նրանց ուժ է տալիս երաժշտությունը։ Հերոսներն անցնում են պատերազմի ողջ դժվարությունները եւ վերջապես հասնում Բեռլին։ Ռայխստագի մոտ հայ զինվորները, զուռնայի եւ դհոլի հնչյունների ներքո, պարում են հաղթական Քոչարին՝ դարձնելով այն հաղթանակի խորհրդանիշներից մեկը։ Ֆիլմը կրկնօրինակվել է հայերեն «Շարմ Հոլդինգի» «S’harmony» ստուդիայում։ Պրեմիերային ներկա էր ֆիլմի պրոդյուսեր ՂԵՎՈՆԴ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ՝ Սարիկ Անդրեասյանի եղբայրը, ում հետ զրուցեց «Իրավունքը»:
— Ղեւոնդ Գառնիկովիչ, ինչպե՞ս ծնվեց «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի գաղափարը: Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց նման պատմություն ստեղծելու համար:
— Այս միտքը շատ կանխաատեսելի էր, սակայն մենք չէինք հասկանում ինչից սկսել: Մենք չենք ցանկացել նկարահանել կանխատեսելի ֆիլմ, քանի որ խորհրդային ժամանակաշրջանի բազմաթիվ պատերազմական ֆիլմեր կան։ Մտադրություն չենք ունեցել մրցակցել այդ կինոնկարների հետ, որովհետեւ յուրաքանչյուր ֆիլմ իր պատմությունը, դրաման ունի, իսկ խորհրդային ֆիլմերի հեղինակներից շատերը պատերազմի անմիջական մասնակից են եղել։ 2016 թվականին, երբ Սարիկի հետ եկանք Երեւան, հանդիպեցինք պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանի հետ։ Երկար մտածում էինք ֆիլմի մասին։ Սարիկն առաջարկեց անդրադառնալ Հայրենական մեծ պատերազմին, քանի որ մեր 600 հազար պապերը մարտնչել են, եւ որքան էլ սարսափելի հնչի, նրանցից 300 հազարը չի վերադարձել։ Իմ երկու պապիկներն էլ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ են եղել։ Նրանցից մեկն անհետ կորել է, իսկ մյուսը վերադարձել է 13 բեկորային վնասվածքով։ Ուզում եմ ասել, որ սա օտար թեմա չէ՝ չնայած Խորհրդային Միության փլուզմանը, երկրների անկախացմանը։ Պատերազմը, հավանաբար, ամենակարեւոր, ամենահուզիչ եւ անհրաժեշտ թեմաներից է, որի մասին պետք է խոսել: Այս ֆիլմով եւս մեկ անգամ հիշեցրել ենք մեր պապերի հերոսության մասին, հարգել նրանց հիշատակը: Թեմայի շուրջ մտորելիս` մենք հիշել ենք այն պատմությունը, թե ինչպես են հայերը 1945 թվականին քոչարի պարել Բեռլինում՝ Ռայխստագի առջեւ, դա դարձնելով հաղթանակի խորհրդանիշներից մեկը: Եթե դիտեք այդ վավերագրական կադրերը, կտեսնեք, որ զինվորներից մեկը դուդուկ է նվագում, մյուսը՝ զուռնա, եւ հայ զինվորները պարում են քոչարի։ Հասկանո՞ւմ եք, որ այդ գործիքները հնարավոր չէր գտնել Բեռլինի երաժշտական խանութներում, նշանակում է՝ հայերը Հայաստանից գործիքները հասցրել են Բեռլին, այնինչ պատերազմական շրջանում դա արգելված էր։ Մենք սկսեցինք զարգացնել այդ պատմությունն ու եկանք այն որոշման, որ ֆիլմը պետք է լինի երաժիշտների մասին, որոնք կարծում էին, թե շատ շուտ են տուն վերադառնալու եւ իրենց հետ տարել էին իրենց գործիքները: Ես միշտ եմ ասել, որ վատը մոռացվում է, իսկ քաջագործության մասին պետք է խոսել, որպեսզի մեր երեխաները տեսնեն եւ սովորեն:
— Ի՞նչ ակնկալիքներ ունեք ֆիլմից:
— Ոչ ոք չի կարող ասել, որ պատերազմի մասին ֆիլմ է նկարահանել եւ գումար է վաստակել։ Հակառակը՝ նման կինոնկարներ ստեղծելիս շահ չեն հետապնդում, այլ մտածում են, թե որքան գումար կարող են հատկացնել՝ չվախենալով կորցնել։ Դա միայն արվում է հանուն հիշողության, հարգանքի։ Հույս ունեմ, որ հինգ տարի հետո եւս մի ֆիլմ կստեղծենք։ Դա մեր առաքելությունն է, եթե չանենք, կստացվի, որ զուր ենք ընտրել այս մասնագիտությունը։ Ուրախացնելը, ժամանց ապահովելը մի բան է, կարեւոր հետք թողնելը՝ բոլորովին այլ։ Առանց մեկը մյուսի հնարավոր չէ, քանի որ պետք է գումար վաստակել լավ ֆիլմի համար, ինչը մեր մասնագիտության կարեւոր մասն է, եւ ես հույս ունեմ, որ կշարունակենք այդպես աշխատել:
— Իսկ ինչո՞ւ երեւանյան պրեմիերային ներկա չէր ֆիլմի ռեժիսորը՝ Սարիկ Անդրեասյանը:
— Սարիկը ներկա չէ հարգելի պատճառներով՝ նրա կինը 4-րդ երեխային է ծննդաբերելու։ Առհասարակ, մենք ամեն տարի Հայաստան ենք գալիս մեր ընտանիքներով, սակայն այս անգամ այսպես ստացվեց: Մենք՝ ես եւ Սարիկը, միշտ միասին ենք աշխատում, մոտ 100 համատեղ նախագիծ ունենք, եւ մեր աշխատանքները լինելու են շարունակական:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ