Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ Հնդկաստանում
Մշակութային
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է «ՄԻՍՍ ԱՇԽԱՐՀ» ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանը երեք տարվա ընդմիջումից հետո կրկին կմասնակցի «Միսս աշխարհ» մրցույթին: Մայիսի 7-ից 31-ը Հնդկաստանի Թելանգանա քաղաքում կայանալիք շուրջ 200 միլիոն հեռուստադիտող ունեցող մրցույթին Հայաստանը ներկայացնելու է 19-ամյա Ադրինե Աճեմյանը: Նա զբաղվում է երգով, պարով եւ նկարահանվում է սերիալներում, ուսանում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երկրոդ կուրսում:
Ադրինեն այս տարի լինելու է 130 պետությունների ներկայացուցիչներից մեկը, նա տրամադրված է պատվով կատարել իր առաքելությունը՝ լավագույնս ներկայանալ այդ հեղինակավոր բեմում՝ իր կարողությունների չափով ավելի ճանաչելի դարձնելով հայկական մշակույթը։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է հենց ԱԴՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ:
— Նախ շնորհավորում ենք Ձեզ՝ Հնդկաստանում կայանալիք միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու պատվին արժանանալու համար: Ինչպե՞ս կատարվեց ընտրությունը եւ ի՞նչ սկզբունքներով:
— Անչափ շնորհակալ եմ «Իրավունք»-ին՝ նման ուշադրության համար: Քանի որ «Միսս աշխարհի» արտոնագիրը ձեռք է բերվել համեմատաբար վերջերս, Հայաստանի մասնակիցը ընտրվել է ոչ թե ազգային գեղեցկության մրցույթի, այլ` քասթինգի միջոցով, եւ ընտրվեցի ես, ինչի համար շատ ուրախ եմ: Կարծում եմ՝ գլխավոր սկզբունքը եղել է հայի կերպարը, եւ դա տեսել են ավելի շատ իմ մեջ: Ասեմ, որ իմ տիտղոսը կոչվում է «Միսս աշխարհ-Հայաստան»:
— Ի՞նչ եք զգում այս պահին:
— Հպարտության մեծ զգացողություն ունեմ, ինչպես նաեւ պատասխանատվության մեծ զգացողություն:
— Ի՞նչ հագուստով եք ներկայանալու մրցույթին, եւ ո՞վքեր են հեղինակները:
— Ողջ ընթացքում հանդես եմ գալու մոդելավորող-դիզայներ Գեւորգ Շադոյանի կարած զգեստներով, ինչպես նաեւ պարելու եմ Սերոժ Բաղդասարյանի «Մուսա լեռան Դաբկի» երաժշտության տակ՝ Երեւանի ազգային տարազով:
— Ո՞վքեր են ուղեկցելու Ձեզ Հնդկաստանում:
— Հնդկաստան կմեկնեմ մորս հետ, սակայն 25 օրվա ընթացքում կգան նաեւ «Միսս Երեւան Փրոդաքշն»-ի տնօրենն ու կազմակերպիչները:
—Դեռ փուլեր կան, որոնք պետք է հաղթահարե՞ք՝ մինչեւ եզրափակիչ:
— Այո, մրցույթը անցկացվելու է փուլերով, իսկ վերջում լինելու է կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլ: Լինելու են նաեւ տաղանդի փուլեր, եւ ես մասնակցելու եմ երկու փուլերի՝ երգի եւ պարի: Գլխավոր մրցույթները լինելու են մայիսի 29-ին, 30-ին եւ 31-ին:
— Պատրաստվո՞ւմ եք բարձրաձայնել Հայաստանի եւ Արցախի խնդիրները լայն հասարակության առաջ:
— Ես մասնակցում եմ գեղեցկության մրցույթի եւ կարծում եմ, որ այդ հարցերին շատ ճիշտ կլինի պատասխանեն ոլորտի ներկայացուցիչները, քաղաքագետները: Սակայն, եթե հաղորդավարն ինձ նման հարց տա, չնայած չեմ կարծում, որ նման հարց կտա, բայց այնուամենայնիվ, ես կպատասխանեմ: Իմ գլխավոր հղումը, ինչպես որ եղել է նախորդ հարցազրույցների ժամանակ, մնում է անփոփոխ, դա խաղաղությունն է, եւ որ աշխարհի ուշադրության կենտրոնում լինեն փոքր երկրները, որոնք որ պատերազմական իրավիճակում են հայտնվում: Աշխարհը նման դեպքերում չպետք է լռի: Շատ կարեւորում եմ, որ Հայաստանը ներկայացնեմ` որպես հին մշակութային երկիր: Ներկայացնեմ Տիգրան Մեծի, Գարեգին Նժդեհի Հայաստանը: Ուզում եմ ներկայացնել, թե ինչ հզոր պետություն ենք մենք եղել, կանք ու դեռ ավելի պիտի հզորանանք:
— Կրթություն, աշխատանք եւ վերջապես՝ Միսս Հայաստանի ներկայացուցիչ, դժվար չէ՞, հասցնո՞ւմ եք:
— Իհարկե, մեծ դժվարությամբ եմ հասցնում: Կարող եմ ասել, որ տանն ինձ չեն տեսնում: Ես կա՛մ դասի եմ, կա՛մ նկարահանման եմ, կա՛մ այս նախապատրաստական փուլի մեջ եմ եւ փորձերի եմ: Սակայն, փորձում եմ ամեն բան հասցնել: Ինձ համար շատ կարեւոր է կրթությունը: Ես համարում եմ, որ պետք է լինել կրթված դերասանուհի: Նկարահանումներս էլ են շարունակվում, այսինքն՝ փորձում եմ ամեն բան հասցնել:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ