Արդեն չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվում
Պատահար
Արդեն չորրորդ օրն է, ինչ իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ 2-ամյա Տիգրանին հայտնաբերելու ուղղությամբ։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ ուսումնասիրվում են տարբեր վարկածներ, այդ թվում՝ հնարավոր առեւանգման։
«Բոլոր վարկածները քննարկվում են։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են ինչպես գետի ամբողջ երկայնքով, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում։ Տարբեր մարդիկ են հարցաքննվել, զրույցներ են տարվել, մեծածավալ որոնողական աշխատանքներ են իրականացվում ՆԳՆ ոստիկանության, փրկարար ծառայության և կամավորների կողմից»,- «Փաստինֆո»-ին հայտնել է Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ երեխայի առևանգման մասին կասկած հայտնել է երեխայի հայրը, որը իր կասկածը հիմնավորել է երկարատև որոնողական աշխատանքների արդյունք չտալով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեխայի կորելու մասին ահազանգը ստացվել է մայիսի 4-ին։