Թուրքիայում բնակիչների ինքնազգացողությունը վատացել է ավելի քան 20 տոննա կանեփի այրումից հետո
Միջազգային
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի 25,000 բնակիչ ունեցող Լիջե քաղաքում ոստիկաններն այրել են 20 տոննա 766 կգ 679 գր կանեփի առգրավված թփեր, ինչի հետևանքով օդը լցվել է կանեփի թանձր ծխով:
Նշվում է, որ օրեր շարունակ բնակիչները չեն կարողացել բաց թողնել պատուհանները, խուսափել են դուրս գնալուց, քանի որ օդում հայտնված նյութերը վատացրել են նրանց ինքնազգացողությունը, առաջացել են գլխապտույտ, սրտխառնոց:
Ոչնչացված կանեփի արժեքը կազմում է ավելի քան 261 մլն դոլար։
«Թմրանյութի հոտը պարուրել է թաղամասը օրեր շարունակ։ Մենք չենք կարող բացել պատուհանները: Մեր երեխաների ինքնազգացողությունը վատացել է, անընդհատ հիվանդանոց ենք գնում», - բողոքել է տեղացիներից մեկը:
Բնակիչները նշել են, որ թեև թմրանյութերի դեմ պայքարում իշխանությունների գրանցած հաջողությունները կարևոր են, սակայն կանեփի ոչնչացման այս եղանակը ճիշտ չէ։ Ոստիկանությանը խորհուրդ է տրվել կանեփը վերացնել հատուկ գործարաններում, որպեսզի ծխի ազդեցությունը տեղի բնակչության վրա չազդի:
«Ինչպես գիտեք, նման խոտաբույսերի ոչնչացումը կամ այրումը կարող է նաև լուրջ թունավորում առաջացնել: Ինչպես ծխախոտը վնասում է պասիվ ծխողներին, երբ օգտագործվում է փակ տարածքում, նման թմրամիջոցներից առաջացող ծուխը կարող է լուրջ անհանգստություն պատճառել մարդկանց: Այն կարող է մարդկանց հարբեցնել, գլխապտույտ, սրտխառնոց և հալյուցինացիաներ առաջացնել», - նշել է մասնագետը: