Եվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնի

Ազատության հրապարակում մայիսի 9-ին կայացած Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումը, որտեղ բացման խոսքով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, հերթական անգամ ցույց տվեց մեր երկրի քաղաքական հռետորաբանության եւ իրականության խորը հակասությունը։
Աբիսողոմոնյանը, ներկայացնելով Հայաստանի կառավարության հանձնառությունը ԵՄ-ի հետ մերձեցման հարցում, միաժամանակ խոսեց ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Սակայն նույն հրապարակում, որտեղ հնչում էին այս գեղեցիկ խոսքերը, միջոցառման ավարտից հետո տիրեց հակադաստիարակչական, անպատասխանատու միջավայրը. Ազատության հրապարակը վերածվեց իրական զիբիլանոցի։ ԵՄ արժեհամակարգի կրող համարվող քաղաքացիները, ինչպես նաեւ կազմակերպիչները, ի վերջո, ցուցադրեցին, այսպես կոչված, եվրոպական արժեքների բնույթը գործնականում։
«ԵՄ-Հայաստան. մշակութային կամուրջ» խորագիրը, որով փորձել էին ծաղկեցնել միջոցառումը, փաստացի վերածվեց կեղծ կամրջի, որն իր հիմքում չուներ ո՛չ համատեղ հարգանքի, ո՛չ մշակութային պատասխանատվության, ո՛չ էլ՝ կենցաղային քաղաքակրթության տարրական պատկերացում։ Բազմաթիվ տաղավարների, պարային համույթների եւ երաժշտական կատարումների ներքո՝ մոռացվեց ամենապարզ՝ հասարակական տարածքի նկատմամբ հարգանքի գաղափարը։
Եթե Եվրոպայի օրը պետք է դառնա մի հարթակ, որտեղ Հայաստանը ներկայացնում է իր պատրաստակամությունը եվրոպական արժեքներին միանալու, ապա այդ պատրաստակամությունը պետք է սկսվի ոչ թե բարձրախոսային ելույթներից, այլ միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքից։ Արտաքին քաղաքական ուղերձները միայն խոսքեր չեն, դրանք պիտի մարմնավորվեն քաղաքացու վարքով եւ պետական մարմինների կազմակերպչական կարգապահությամբ։ Իսկ եթե հրապարակը մնում է աղբի տակ, ապա ողջ միջոցառումը վերածվում է տհաճ հակասության՝ խոստումների եւ իրական վարքագծի միջեւ։
Ի վերջո, որքան էլ որ բարձր մակարդակով հայտարարվի ԵՄ-ի հետ համատեղ ճանապարհի մասին, այդ ճանապարհը չի կարող կառուցվել հասարակության առօրյա վարքի անտեսման հիմքով։ Կեղծ խորհրդանիշների, մակերեսային կազմակերպվածության եւ անտարբեր իրականության պայմաններում եվրոպական արժեքները կմնան միայն հնչուն բառեր՝ զուրկ բովանդակությունից։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

