Փաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համար

Հայաստանի վերջին յոթ տարվա հասարակական-քաղաքական կյանքում ծնունդ առած արատավոր երեւույթներից մեկն էլ ՔՊ-ական Կառավարությանն առընթեր գործող ծպտյալ հիմնարկներն են, որոնք ժողովրդի շրջանում հայտնի են «ֆեյքերի ֆաբրիկա» անունով:
Դրանցում հիմնականում ընդգրկված են բարոյահոգեբանական առումով խնդիրներ ունեցող, հանրության ամենաստորին սանդղակում գտնվող տեսակի ներկայացուցիչներ՝ առանց սեռի, տարիքի եւ այլասերվածության սահմանափակումների:
Ի դեպ՝ «ֆեյքերի» ծառայություններից սովորաբար օգտվում է այն իշխանությունը, որը նրանց մեջ ինչ-որ հարազատություն, սրտամոտ ինչ-որ գիծ է տեսնում:
«Ֆեյք» խմբերն ապահովված են կայուն աշխատավարձով, հարմարավետ աշխատատեղով, տեխնիկական հագեցվածությամբ եւ այլ միջոցներով: Նրանց թիվը հանրապետությունում մի քանի հազարի է հասնում, ամեն խումբ բաժանված է ստորաբաժանումների, որոնցից յուրաքանչյուրն ունի շաբաթական աշխատանքի որոշակի ծավալ եւ հաշվետու է տվյալ խմբի ամենագլխավորին՝ հազարապետին:
Իր հերթին՝ հազարապետն ամսվա կտրվածքով հաշիվ է տալիս իշխանական բուրգին տիրապետող անձի պաշտոնական լիազորին, որը կարող է լինել, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը կամ մամլո խոսնակը: Նա էլ համակարգում է ստերի ու կեղծիքների ֆաբրիկայի «աշխատանքը» պետական բարձր մակարդակում:
Օրվա «ֆեյք լուրերի» թեմատիկան՝ պահի արդիականությանը համահունչ, որոշում եւ շրջանառության մեջ է դնում հազարապետը: Շարքային «ֆեյքիկների» պարտքը վերջինիս գրառմանը ներդաշնակ արձագանքելն է, գրառման թիրախին հնարավորինս գռեհիկ, նվաստացուցիչ բառամթերքով անդրադառնալը՝ ամեն մեկն իր անբարոյականության ու փչացածության չափով՝ ինչպես ասում են:
Ընտրված թիրախները «ֆեյքիկների» թունոտ խայթոցներից պրծում չունեն, ովքեր էլ որ լինեն՝ հարգված բժիշկ-պրոֆեսոր, հերոսածին մայր, աշխարհահռչակ մարզիկ, երգիչ, թե գիտնական: Կայպանեն մինչեւ վերջ, մարդու պատիվն ու անունը հողին կհավասարեցնեն: Բայց իրենց վարձատրությունը դրանից միայն կավելանա:
Փաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու, դրանց միջոցով ազգն իրար դեմ թշնամացնելու, երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը թուլացնելու եւ նման թանկ գնով ընդամենն իր ապաշնորհ, ազգուրաց իշխանության դիրքերն ամրացնելու նպատակով:
Ահա մի պարզ օրինակ՝ ցույց տալու համար, թե որքան է Կառավարությունը՝ ի դեմս Փաշինյանի, կարեւորում իր «ֆեյքերի ֆաբրիկան», հանուն որի՝ պատրաստ է բարձրաստիճան պետական ծառայողի (Հանրային խորհրդի նախագահի) հաստիքը կրճատել, մարդուն ազատել զբաղեցրած պաշտոնից եւ նրան ավելի գայթակղիչ պայմաններով աշխատանք առաջարկել վերը հիշատակված «ֆեյքերի ֆաբրիկայում»՝ որպես քարոզիչ ու հազարապետ:
Պետական կառավարման համակարգում կադրային աշխատանքները տապալող անձը, սակայն, բավական հաջողակ է սեփական իմիջի համար արդյունավետ աշխատող «կադրեր» ընտրելու հարցում, ինչը թույլ է տալիս պարբերաբար համալրել «յուրայինների» քարոզչական զինանոցը:
Իշխանության եւ անձամբ առաջին դեմքի քարոզիչների թիվ մեկ ձայնափողը, թող դա արտառոց չհնչի, Առաջին հանրայինն է, մասնավորապես՝ Պետրոս Ղազարյանի հաղորդումը, որի հյուրերը գրեթե ամենօրյա հաճախականությամբ եթերից տարածում են «Իրական Հայաստանի», Հայոց ցեղասպանության, Ղարաբաղյան շարժման օրակարգի եւ մի շարք այլ թեմաների վերաբերյալ Փաշինյանի վայրիվերո գաղափարները:
Սուտը, կեղծիքը, երկերեսանիությունն ու ձեռնածությունը Նիկոլի քարոզիչների գլխավոր զենքն են, որոնց գործադրմամբ, թերեւս, կարողանում են մոլորեցնել հանրության մի փոքր հատվածին, բայց՝ ոչ ավելին:
Ժողովրդի ճնշող մեծամասնությունը լավ գիտի, թե ով՝ ով է: Նրան այլեւս չես խաբի՝ «ջինը շշից դուրս է եկել»: