Ռուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասին
Միջազգային
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև մայիսի 15-ին Ստամբուլում բանակցությունները հավանաբար տեղի կունենան դիվանագիտական մակարդակով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի գլխավոր տնօրեն Իվան Տիմոֆեևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Չգիտեմ՝ սա գագաթնաժողո՞վ կլինի, կասկածներ կան։ Կարծում եմ, որ ՌԴ նախագահը Ստամբուլում չի լինի, նա, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին դիվանագետներ կուղարկի բանակցությունների»,-ասել է Տիմոֆեևը։
Մայիսի 11-ի գիշերային ելույթի ժամանակ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել են 2022 թվականի գարնանը: Պետության ղեկավարի խոսքով՝ Կիևի պատվիրակությունն այնուհետ դադարեցրել է խորհրդակցությունների մասնակցությունը և մերժել է համաձայնագրի նախագիծը։ Ըստ ռուսական կողմի՝ դա տեղի է ունեցել արևմտյան գործընկերների ճնշման ներքո։