Ստամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. Պեսկով
Միջազգային
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների։
Նա ընդգծել է, որ մայիսի 11-ի գիշերն իր հայտարարության մեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հստակ և միանշանակ ուրվագծել է ՌԴ դիրքորոշումը Ստամբուլում առանց որևէ նախապայմանի ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ», հաղորդում է РИА Новости-ն։
Պեսկովը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը վճռականորեն ձգտում է լուրջ ուղիներ փնտրել Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման հասնելու համար, և որ վերջնագրերի լեզուն անընդունելի է Ռուսաստանի համար։
Լրագրողների հետ Պեսկովի զրույցից առաջ եվրոպացի առաջնորդները կրկին կոչ են արել բանակցությունների մեկնարկից առաջ հրադադար հաստատել։ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ եթե Մոսկվան մինչև օրվա վերջ չհամաձայնի հրադադարի, Եվրամիությունը պատրաստ կլինի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել։