Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի Փոստանջյան
Ներքաղաքական
Գյումրեցի հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն ի պատասխան` 11.05.2025 թվականի ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից տարածված, իր պաշտպանյալի վերաբերյալ կեղծ տեղեկատվության՝ գրում է.
«Երեկ` 11.05.2025 թվականին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ հրապարակել է կեղծ տեղեկություններ եւ խախտել է նրա անմեղության կանխավարկածը, որով ըստ էության հաստատել է, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ տեղի է ունենում պատվիրված քրեական հետապնդում, որն ունի որոշ անձանց քմահաճույքը բավարարելու հիմք:
• Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված առաջին կեղծիքը հետևյալն է.
«Մասնավորապես` Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են առկա թե դատարանում, թե նախաքննության փուլում»:
Պատասխան այս կեղծիքին.
Տղա ջան, այդ ի՞նչ բազմաթիվ քրեական վարույթներ են, որի մասին չգիտեմ ոչ ես, ոչ Լիլիթ Աղեկյանը, ո՞վ է դրանք քննում, կբարեհաճե՞ս ասել:
Տղա ջան, եթե չես ստում ապա պաշտոնապես պետք է հրապարակես դատարանում և նախաքննության փուլում գտնվող վարույթների համարները:
Խրատ կեղծողին.
Տղա ջան, ինչո՞ւ ես կեղծում, ամոթ չունե՞ս:
• Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված երկրորդ կեղծիքը հետևյալն է.
«Մենք ի սկզբանե խափանման միջոց, անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել` մեկ գործով, երկու գործով, երեք գործով»:
Պատասխան այս կեղծիքին.
Տղա ջան, եթե չես ստում հրապարակիր այդ երեք գործերով անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու որոշումները:
Խրատ կեղծողին.
Տղա ջան, ինչո՞ւ ես խաբում, չես վախենո՞ւմ խաբեբայի համբավ ձեռք բերելուց:
• Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված երրորդ կեղծիքը հետևյալն է.
«Որովհետեւ անձը թե դպրոցում խուլիգանություն կատարելիս, անչափահաս երեխաների մասնակցությամբ և նկատմամբ Լիլիթ Աղեկյանի մասին, գործի մասին է խոսքը»:
Պատասխան այս կեղծիքին.
Տղա ջան, եթե չես ստում պետք է հրապարակես Լիլիթ Աղեկյանի կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
Խրատ կեղծողին.
Տղա ջան, ինչո՞ւ ես խեղաթյուրում, քեզ հաշիվ չե՞ս տալիս, որ խախտել ես անմեղության կանխավարկածը, որը քո կարգավիճակում գտնվող անձին չի ներվի:
• Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված չորրորդ կեղծիքը հետևյալն է.
«Անչափահաս երեխաների նկատմամբ ամբողջ դպրոցի բնականոն գործունեությանը կազմալուծել, կազմաքանդել և ընդ որում անձնական շարժառիթներով»:
Պատասխան այս կեղծիքին.
Տղա ջան, եթե չես ստում պետք է հրապարակես քո կողմից հիշատակված դպրոցում մանկահասակ երեխայի նկատմամբ նույն դպրոցի աշակերտների և նախկին աշակերտի կողմից բռնի սեռական գործողությունների վերաբերյալ քրեական վարույթով ի՞նչ գործողություններ եք կատարել և ո՞ւմ եք կանչել պատասխանատվության: Նաև պետք է հրապարակես քո և այլոց շարժառիթը այս սարսափելի բռնաբարության դեպքը չբացահայտելու վերաբերյալ:
Խրատ կեղծողին.
Տղա ջան, դու թեմայից դուրս ես, չես էլ պատկերացնում ուր ես գնացել և ինչ է քեզ սպասվում: Կորել ես և մոլորվել: Քանի ուշ չէ օգնություն, օգնություն կանչիր:
• Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված հինգերորդ կեղծիքը հետևյալն է.
«Լիլիթ Աղեկյանի կողմից դատական նիստի բնականոն պրոցեսը խաթարել, դատավորին վիրավորել և այլն»:
Պատասխան այս կեղծիքին.
Տղա ջան, եթե չես ստում պետք է հրապարակես դատավորի կողմից հաղորդում, բողոք կամ դիմում ներկայացնելը դեպքի վերաբերյալ, որը ՀՀ քրեական օրենսգրքով համապատասխան հանցակազմ է պարունակում, որով դատավորը քեզ հայտնել է, որ նա վիրավորվել է և Լիլիթ Աղեկյանին պետք է կանչել քրեական պատասխանատվության:
Խրատ կեղծողին.
Տղա ջան, դու իրավասու չես գնահատական տալ դատարանում արտահայտված կողմի դիրքորոշմանը, դու ո՞վ ես, որ որոշես դատարանում կողմի դիրքորոշում արտահայտելու ձևը և եղանակը:
Տղա ջան, քեզ չափավորիր և սթափվիր: Չափերդ ճանաչիր»: