«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի
Միջազգային
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախաքննական մարմնին միջնորդություն է ներկայացվել գործով անցնող մեղադրյալների մասով գաղտնալսումների որոշումները տրամադրելու համար: Ի պատասխան՝ նախաքննական մարմնից հայտնել են, որ մոտ օրերս գործով նախաքննության ավարտ կհայտարարվի։
Ասել է թե՝ առաջիկայում գործի բոլոր նյութերը կհայտնվեն պաշտպանական կողմի մոտ։
Ինչպես հայտնի է, մայիսի 2-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց. նա այս պահին գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտարարություն տարածեց, որ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Քրեական վարույթով կալանքի տակ են ևս երկու անձինք, որոնցից մեկը դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընկերն է ու կաշառք տվող անձը: Հավելենք, որ դատավորը ցուցմունք չի տվել եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում