Լրագրող է զոհվել Գազայում
Միջազգային
Գազայի հատվածի հարավում գտնվող հիվանդանոցին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով այսօր պաղեստինցի լրագրող է զոհվել, 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհված լրագրողների ընդհանուր թիվը հասել է 215-ի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Գազայի կառավարության մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ պաղեստինյան Alam24 լրատվական գործակալության տնօրեն Հասան Իսլիհը սպանվել է Խան Յունիս քաղաքում գտնվող Նասեր բժշկական համալիրի վրա իրականացրած հարձակման ժամանակ։ Նա բուժում էր ստանում մարտական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքներից հետո։
«Զոհված լրագրողների թիվը հասել է 215-ի… Կոչ ենք անում Լրագրողների միջազգային ֆեդերացիային, Արաբ լրագրողների միությանը և բոլոր երկրների լրագրողական կազմակերպություններին դատապարտել Գազայի հատվածում պաղեստինցի լրագրողների և ԶԼՄ–ների աշխատակիցների դեմ այս սիստեմատիկ հանցագործությունները», – ասվում է հայտարարության մեջ։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վրա ուղիղ հարվածի հետևանքով երկու բուժառու է զոհվել, տուժածներ կան բուժանձնակազմի և հիվանդների շրջանում։
Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց հրետակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 2700 մարդ, տուժել` ավելի քան 7600–ը։