Թրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNN
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները նախատեսում են այս շաբաթ այցելել Թուրքիա՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հինգշաբթի նախատեսված բանակցությունների համար, սակայն Թրամփի հնարավոր մասնակցությունը դեռևս հարցականի տակ է. Թրամփի մասնակցությունը մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի, թե ոչ: Ըստ CNN-ի՝ հայտարարել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
«Այժմ ամեն ինչ շատ դինամիկ է», -նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ «ոչ ոք շատ բան չգիտի», երբ խոսքը վերաբերում է հինգշաբթի օրվան։
Թրամփը նախօրեին հայտարարել է, որ քննարկում է Թուրքիայում կայանալիք բանակցություններին միանալու հնարավորությունը, եթե դա օգտակար կլինի։
«Կարծում եմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հինգշաբթի Թուրքիայում անցկացվելիք հանդիպումը կարող է լավը լինել», -նշել է Թրամփը Սպիտակ տանը դեղերի գներին առնչվող միջոցառման ժամանակ։
«Ես մտածում էի այնտեղ թռչելու մասին։ Կարծում եմ՝ դա հնարավոր է», - հավելել է նա։
Բանակցություններին Թրամփի միանալու հնարավորությունը «մեծ ճնշում է գործադրել Պուտինի վրա», -շեշտել է պաշտոնյան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն հայտարարել է, որ կմեկնի Թուրքիա՝ բանակցությունների համար, որոնք սկզբում առաջարկել էր Պուտինը, ապա աջակցել էր Թրամփը։ Պաշտոնյան նշել է, որ անկախ նրանից՝ Թրամփը կմասնակցի բանակցություններին, թե ոչ, Ուկրաինայի հարցերով ԱՄՆ դեսպան Քիթ Քելոգը և Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մտադիր են մեկնել Ստամբուլ՝ բանակցությունների համար։
Ուիթքոֆի ներկայությունը հաստատել է նաև ծրագրերին ծանոթ մեկ այլ աղբյուր։ Առայժմ նրանք նախատեսում են դիտարկել ուկրաինացիների և ռուսների միջև Թուրքիայի միջնորդությամբ անցկացվելիք առաջարկվող բանակցությունները։