Գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի. Սուրեն Մանուկյան
Ներքաղաքական
ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը դատարանից հայտարարություն է տարածել:
«Հարգելի քաղաքացիներ,
08.05.2025 թ-ին գլխավոր դատախազին հարց են ուղղել Ազգային Ժողովի պատգամավորներ Արման Ղազարյանը և Արմենուհի Կյուրեղյանը, թե ինչպես է ստացվել, երբ նախաքննական մարմինը քրեական գործ հարուցելու հիմքեր չի ունեցել, սակայն ոչ միայն քրեական գործ է հարուցել, այլ նաև մեղադրանք է առաջադրել Սուրեն Մանուկյանի, այսինքն՝ իմ նկատմամբ։
Գլխավոր դատախազն այս քրեորեն պատժելի արարքին իրավական գնահատական տալու փոխարեն՝ հայտարարել է, որ իրենց կարծիքն արտացոլված է մեղադրական եզրակացության մեջ և քրեական վարույթը գտնվում է դատաքննության փուլում, ուստի՝ չի կարող դիրքորոշում հայտնել։
Այս պատասխանը հաստատում է այն հանգամանքը, որ գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի։
Տիկին դատախազի կողմից մատնանշված մեղադրական եզրակացությունը կազմված է հնարովի, ես կասեի՝ Գինեսի ռեկորդների գրքում արժանի տեղ ունեցող, արհեստական, պատվիրված, շինծու, կեղծ ապացույցներից, որոնց վստահաբար կարելի անվանել չապացույցներ։ Իրավաբանական կրթություն չունեցող, նույնիսկ հայերեն լեզվին լավ չտիրապետող անկախ մեկի մոտ այս մեղադրական եզրակացություն կոչվածը քմծիծաղ կառաջացներ։
Խորհուրդ եմ տալիս տիկին դատախազին այս մեղադրական եզրակացությունը իր ամբողջ ֆայլերով փաթաթել և տեղավորել դրա համար նախատեսված տեղում», - ընդգծել է Սուրեն Մանուկյանը։