Հայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկել

Բազմաթիվ են դատական գործերը, երբ քաղաքացիների մի հոծ զանգված տասը և ավել տարի ապրելով ուրիշի տանը, գտնում է, որ օրենքի ուժով այն իր սեփականությունն է և, դիմելով դատական պաշտպանության, մերժվելով, փորձում է խնդիրները որոնել արդարադատության մեջ:
Հաշվի առնելով տվյալ իրավանորմի հետ կապված քաղաքացիների իրավագիտակցության պակասը, ներկայացվում է մասնագիտական կարծիք.
Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչումը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով, որտեղ պարտադիր պայման է դիտվում հետևյալը.
Ա./ Այն պետք է տիրապետել տասը տարվա ընթացքում,
Բ./ Այն պետք է տիրապետել բարեխղճորեն,
Գ./ Այն պետք է տիրապետել բացահայտ և անընդմեջ։
Տիրապետումը պետք է լինի տասը տարի
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածով նշված իմպերատիվ տասը տարվա տիրապետումը օրենսդրի կողմից մատնանշած մինիմալ շեմն է, որը լրանալուց հետո է առաջանում ձեռքբերման վաղեմության ուժով տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը։ Ընդ որում, տվյալ շահագրգիռ անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամկետը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը։
Գույքի բարեխիղճ տիրապետում
Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնություն գործադրելուն, իսկ տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա այդ գույքը տիրապետելու է, որպես սեփականություն, այսինքն՝ տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։
Ինչպես վերը նշվեց, տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Դրա տակ պետք է արձանագրել, որ տասը տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։
Տիրապետումը պետք է լինի բացահայտ։
Փաստացի տիրապետողի կողմից գույքը չպետք է տիրապետվի երրորդ անձանցից գաղտնի եղանակով։
Դրա հետ կապված դեռևս 10.10.2007 թվականին առկա է ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ 3-1435/ՎԴ նախադեպային որոշումը։
Գույքը պետք է տիրապետել բարեխիղճ
Կարևորում եմ, որպեսզի ներկայացվի այնպիսի փաստեր, ապացույցներ, դիրքորոշում, ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ՝ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ։ Դրանով է պայմանավորված օրենսդիրի կողմից տասը տարվա ժամանակահատվածը, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա՝ գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա։ Այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ այնքանով, որքանով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի 3-րդ կետի ուժով մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը, գույքը, որպես սեփականություն տիրապետող անձի իրավունքն է պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն։
Էական եմ համարում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու հանգամանքը, քանի որ գտնում եմ հիշատակված հոդվածը, որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է նաև սեփականատիրոջ գործողությունները /անգործությունը/։
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի
գլխավոր տնօրեն