Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէ
Ներքաղաքական
ՀՀԿ֊ական Արմեն Հարությունյանը գրում է
Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէ։ Դա հիշեցում է, որ արժեքները, կրթությունը և ազատ միտքը պետք է պաշտպանել։ Հատկապես հիմա, երբ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հետևողականորեն քանդում է ոչ միայն պետական ինստիտուտները, այլև կրթական համակարգը՝ վերածելով այն ճնշման, ոչ թե զարգացնող մտածողության գործիքի։
Մեկ երկրում, որտեղ քննադատական մտածողությունը դիտարկվում է որպես «հաճախ տհաճ» երևույթ, իսկ համակրանքը՝ իշխանության հանդեպ՝ որպես անցագիր, դուք՝ ուսանողներդ, շարունակում եք մնալ սփոփանք ու հույս։ Մի երկրում, որտեղ հռչակվում է, թե «նորաձեւ է կրթված լինել», կրթությունը դարձել է մակերեսային մի բան՝ իրական բովանդակության լիակատար բացակայությամբ։ Իրականում, երբ կրթության անունից խոսում են նրանք, ովքեր քանդում են բուհական ինքնավարությունը, արհամարհում գիտական միտքը և վախենում մտավորականությունից, «նորաձեւությունը» վերածվում է քողարկված անդունդի։
Դուք եք հիշեցնում, որ, ի հեճուկս քաոսի, հնարավոր է պահել սկզբունքները։
Այսօր իշխանությունը կրթությունը փոխարինել է քարոզչությամբ, արժեքները՝ էժան պոպուլիզմով, իսկ երիտասարդներին մղում է հիասթափության ու արտագաղթի ճանապարհով։ Բայց հենց այստեղ է պայքարի տեղը՝ համալսարանում, լսարանում, փողոցում։
Մի մոռացեք՝ Հայաստանը չի վերակառուցվելու լռող, հարմարվող «ուսանողների» շնորհիվ։ Այն կկառուցեն նրանք, ովքեր դեռ համարձակվում են հակառակվել, մտածել և բարձրաձայնել։
Սիրելի ուսանողներ, մաղթում եմ անսպառ եռանդ, նոր գիտելիքների ձգտում և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում։ Թող ուսանողական տարիները լինեն ոչ միայն ուսման, այլ նաև անձնական աճի, ընկերության և հիշարժան պահերի շրջան։ Շարունակեք ձեր ճանապարհը վստահ և նպատակասլաց։
Հ.Գ. Այսօր դուք սովորում եք, վաղը՝ կղեկավարեք։ Իսկ ինչ արժեքներով՝ կախված է հենց այսօրվա ձեր ընտրություններից։