«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համար
Մշակութային
Կայացավ «Եվրատեսիլ-2025»-ը եւ առաջին հայացքից թվում էր, թե իրավիճակ է փոխվել եվրատեսիլյան տարիներ շարունակ պրոպագանդվող այլասերված իրականությունում: Բացի այն, որ «Եվրատեսիլ»-ին մասնակցող այլանդակ կերպարներն էին քիչ, նաեւ իսկապես երգողներն էին շատ: Այս առումով՝ հանուն արդարության պետք է նշել, որ բավական թեժ էր մրցակցությունը, իսկ Հայաստանի 20-րդ տեղում հայտնվելը կատաստրոֆիկ խայտառակություն չէր: Ավելին, թերեւս, փառք Աստծո, որ Հայաստանը չհաղթեց, որովհետեւ 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին, տրանսգենդերության հասնող տրանսֆորմացիաների ենթարկվող քաղաքական որոշ դեմքերին զուգահեռ՝ մեզ մենակ եվրատեսիլյան կոնչիտաներն էին պակաս Երեւանում:
ԻՆՉՈՒ ՀԱՂԹԵՑ ԱՎՍՏՐԻԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՔ ՀԱՂԹՈՂԸ ԵՐԿԻՐ ԷՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Բայց, այն, որ այլասերության քարոզը հետ է նահանջել «Եվրատեսիլ»-ում, միայն շղարշ էր, իսկ իրողությունն ավելի ահավոր է: «Եվրատեսիլ-2025»-ում հաղթեց ոչ թե երկիր, այլ համայնք՝ այն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս քվիր համայնքը: Ի՞նչ է իրենից ներկայացնում այն, մանրամասնենք՝ այս համայնք կոչվածը ներառում է այն մարդկանց, ովքեր չեն նույնանում սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության ավանդական կամ հիմնական ձեւերի հետ, կարճ ասած՝ նույն ԼԳԲՏ-ականներն են, որին գումարվել է նաեւ սեռական այլ ոչ ավանդական ձեւեր նախընտրողները:
«Եվրատեսիլ-2025»-ում հաղթած ավստրիական-ֆիլիպինյան ծագմամբ ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչ արտիստը՝ ՋԵՅՋԵՅՆ իր հարցազրույցներից մեկում ուղիղ հայտարարել է եւ հարազատ համայնքին աչքալուսանք տվել, թե երջանիկ է «Եվրատեսիլ»-ում ներկայացնել քվիր համայնքը։ Նա նաեւ իր հարցազրույցներում հաճախ ընդգծում է, որ ակտիվորեն աջակցելով ԼԳԲՏ համայնքին՝ ցանկանում է օրինակ լինել այն երիտասարդների համար, ովքեր վախենում են լինել այն, ինչ իրականում կան:
Ահա, թե ինչու «Եվրատեսիլ»-ում նախորդ տարի հաղթած Նեմոն, որը ներկայացնում էր Շվեյցարիան, գրկել ու բաց չէր թողնում ՋեյՋեյին: Իսկ թե ինչպիսին էր Նեմոյի կերպարը բեմում, մի այլ խայտառակություն է:
Երբեմնի տղամարդ Նեմոն նախ եվրատեսիլյան երեկոն բացեց ճոխ երեկոյան զգեստով ու ուռած-փքված կանացի կեղծամով, ապա երկրորդ ելույթի համար հագել էր, ավելի ճիշտ՝ չէր հագել կոմբինիզոն, որը, համենայնդեպս, ավելի հարմար էր սթրիպտիզ պարելու համար, քան թե երգելու, բայց ոչ միայն երգեց, այլեւ կիսամերկ էլ գրկախառնվեց ՋեյՋեյի հետ:
Իսկ Իտալիան ներկայացնող ԼՈՒՉՈ ԿՈՐՍԻՆԻՆ երեւի այդ ժամանակ շարունակում էր քթի տակ երգել իր երգը. «Ես ուզում էի տղա լինել» (իր դեպքում էլ՝ ֆիզիոլոգիան եւ իրականությունը դիսոնանսի մեջ էին):
Այսքանից հետո՝ այլեւս երկրորդական է քննարկել, թե ինչպես կարելի է օպերային ձայնային տվյալներով երգչին ու փոփ ժանրի երգիչներին դնել մի սանդղակի վրա, վերջում էլ հաղթող կարգել: ՋեյՋեյը հայտնի է իր մի շարք բեմադրություններով Վիեննայի պետական օպերայում, նա երգում է կոնտրատենոր ձայնով՝ հասնելով սոպրանոյի աստիճանի: Փաստորեն, ստացվում է, որ Պարգի փոխարեն՝ կարելի էր օպերային մեր երգիչներից մեկին ուղարկել, գոնե տղամարդկային նորմալ բաս էլ կհնչեր այդ բեմից, ոչ թե տղամարդու դեմքով կնոջ ճիչ:
Ռուս հայտնի երաժիշտ եւ կոմպոզիտոր ՅՈՒՐԻ ԼՈԶԱՆ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ մրցույթի կազմակերպիչները խախտում են դրա կանոնները։
«Մրցույթի հիմնական փաստաթղթերում երբեք գրված չի եղել ԼԳԲՏ կամ որեւէ այլ օրակարգի առաջ մղման մասին: Այնտեղ նշվում էր, որ այս մրցույթը պետք է միավորի ժողովուրդներին։ Ահա թե ինչու սկզբում բոլորն իրենց լեզվով էին երգում, պատմում էին իրենց երկրների մասին, իսկ հետո հաղթողները իրենց լեզվով էին վարում մրցույթը: Իսկ հիմա սա արդեն ինչ-որ սարսափելի բան է դարձել։ Շատ դժվար է բառեր գտնել, որոնք կարող են նկարագրել, թե ինչի է վերածվել «Եվրատեսիլը»։ Ամեն ինչ շրջել են գլխիվայր», -ավելացրել է Լոզան։
ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԵՈՆԱՑԻԶՄԸ՝ «ԵՎՐԱՏԵՍԻԼ-2025»-ՈՒՄ
Քանի որ անդրադարձանք Հայաստանը ներկայացնող ՊԱՐԳԻՆ, բացահայտենք ֆենոմենը, թե ինչպես ստացվեց, որ հաջող կատարումով նույնիսկ տասնյակում չհայտնվեց մեր երկիրը: Միակ երկիրը, որի ազգային ժյուրին տվեց մեզ իր ամենաբարձր՝ 12 միավորը, Մալթան էր: Իսկ Հայաստանի ազգային ժյուրիի ամենաբարձր միավորը գնաց այն երկրին, որի ղեկավարի համար օրերս անձրեւանոց էր պահել Նիկոլ Փաշինյանը: Այո, չսխալվեցիք՝ խոսքը Ֆրանսիայի մասին է:
Բանն այն է, որ հակառուսականությունն ու նեոնացիզմը Արեւմուտքում հասել է ուղեղում չտեղավորվող աբսուրդի: Եվրոպացիները չընդունեցին Պարգին ոչ միայն նրա համար, որ տղամարդ էր՝ տղամարդու կերպարով, մի հատ էլ կնոջ հետ էր եկել «Եվրատեսիլ», այլ որ ապրել եւ ստեղծագործել է Ռուսաստանում: Սակայն, մինչ եվրատեսիլյան հակառուսականությանն անդրադառնալը՝ եւս մեկ տհաճ անակնկալ Պարգին. եվրատեսիլյան կադրերից մեկում նկատեցինք Հայաստանի պատվիրակին՝ Ֆինլանդիայի պատվիրակի հետ ողջագուրվելուց: Վերջինս Էրիկա Վիկմանն է՝ երկսեռ երգիչ-երգչուհի: Այստեղ են ասել՝ կուզիկին գերեզմանը գոնե կուղղի, բայց «Եվրատեսիլ»-ն՝ իր այլասերությամբ՝ անուղղելի է:
Ինչեւէ, վերադառնանք եվրատեսիլյան հակառուսականությանը. թեեւ Ռուսաստանի մասնակցության վրա դեռեւս տարածվում է արգելք «Եվրատեսիլ» մրցույթին՝ իբրեւ պատժամիջոց, բայց, միեւնույն է, առանց ռուսների չանցավ մրցույթը: Մրցույթի, կիսաեզրափակիչ փուլում ցուցադրվել է 2012 թվականին Ռուսաստանի կողմից ներկայացված «Բուրանովյան տատիկներ» անսամբլի ելույթի տեսագրությունը։ Ուկրաինական պատվիրակությունն էլ հիստերիկացել է ու դժգոհություն հայտնել այս փաստի կապակցությամբ։ Մինչդեռ կազմակերպիչների խոսքով՝ տեսանյութը ցուցադրվել է այն պատճառով, որ հաղորդավարները անդրադարձել են մրցույթի ռեկորդներին, որոնց թվում «Բուրանովյան տատիկները» նշվել են որպես ամենատարեց մասնակիցներով խումբ։
Բայց սա դեռ ամենը չէ: Երկրորդ հարվածն էլ ուկրաինացիներին հասցրեց Իռլանդիան ներկայացնող նորվեգացի երգչուհի ԷՄԻՆ՝ իր կատարմամբ, որը պատմում էր ԽՍՀՄ-ից «Լայկա» անունով շան մասին՝ առաջին կենդանու, որը տիեզերք է արձակվել 1957 թվականի նոյեմբերի 3-ին խորհրդային «Սպուտնիկ-2» տիեզերանավով։ Շան վերադարձը Երկիր նախատեսված չէր, քանի որ այդ ժամանակ պարզապես գոյություն չուներ վերադարձի համակարգ։ Նա մահացել է արձակվելուց 5-7 ժամ անց՝ գերտաքացումից, թեեւ նախատեսվում էր, որ շունը Երկրի ուղեծրից դուրս կապրի մոտ մեկ շաբաթ։
«Հուսով եմ՝ Լայկան չի մահացել եւ դեռ պտտվում է մեր շուրջը։ Հուսով եմ՝ նա ամեն գիշեր աստղերի մեջ պարում է», -ասվում է երգում՝ թարգմանաբար:
Երգի խոսքերի հեղինակն է Լարիսա Տորմեյը՝ ծնունդով Բաշկիրիայից, ով արդեն ավելի քան 20 տարի ապրում է Իռլանդիայում: Եվ ահա այս երգով Իռլանդիան չհասավ նույնիսկ եզրափակիչ։ Իսկ եզրափակչում հայտնված Ուկրաինան ներկայացնող վարդագույն «փսքյուլավոր» զգեստով տղայի` ԶԻՖԵՐԲԼԱՏԻ կատարումը դիտելիս պարզապես հարց էր առաջանում. «Մեծ կին ես, ինչու չես գնում պատերազմ»։
«Սա երաժշտական մրցույթ չէ։ Միայն այն փաստը, որ մենք այնտեղ ներկա չենք, արդեն ցույց է տալիս, որ սա քաղաքական մրցույթ է։ Երաժշտությունը այնտեղ հինգերորդ տեղում է։ Առաջին տեղում քաղաքականությունն է», - ընդգծում է ռուս հայտնի երաժիշտ եւ կոմպոզիտոր Յուրի Լոզան: Իսկ պրոդյուսեր ԻՈՍԻՖ ՊՐԻԳՈԺԻՆԸ «Եվրատեսիլը» անվանել է «դեգրադացվածների շոու» եւ խոստովանել, որ իրեն ուրախացնում է այն փաստը, որ այս նախագծի հեռարձակումն այլեւս չկա ռուսական հեռուստատեսությամբ։
ԵՐԲ ԱՄԵՆԱՆԱՄՈՒՍՈՎԸ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԾԱՄՈՆ ԾԱՄՈՂ ԴԱՎԹԻ ՄԵՐԿ ԱՐՁԱՆՆ ԷՐ
Քաղաքականությունից եվրատեսիլյան բեմում զերծ չմնաց նաեւ Իսրայելը ներկայացնող երգչուհին՝ ՅՈՒՎԱԼ ՌԱՖԱՅԵԼԸ, ում ամենաբարձր 12 միավոր բաշխեց Ադրբեջանի ազգային ժյուրին: Դե Ադրբեջանը չէ, բա էլ ով պիտի սատարի Իսրայելին, բայց այս մասին չէ նրա անվան շուրջ քաղաքական սկանդալը:
Ինչպես նշում է «The Independent» պարբերականը, երգչուհին «շոկի մեջ էր եւ վշտացած», երբ պաղեստինամետ ցուցարարները փորձել էին ներխուժել բեմ՝ «Եվրատեսիլ»-ի եզրափակչի ընթացքում։
Մասնավորապես, իսրայելցի երգչուհու ելույթի ժամանակ երկու պաղեստինամետ ակտիվիստ փորձել էին բարձրանալ բեմ եւ նրանց հաջողվել էր ներկով ապականել երգչուհու թիմի անդամներից մեկին։ Ոստիկանությունը ժամանակավորապես նրանց ձերբակալել է, բայց կարճ ժամանակ անց ազատ արձակել:
Հմուտ օպերատորների շնորհիվ՝ տեղի ունեցածը չի հայտնվել ուղիղ հեռարձակման կադրերում: Մինչդեռ կադրերում կոնչիտայանման կերպարների պակաս չկար, ոչ էլ ԼԳԲՏ դրոշների: Այսպես, որ շարունակվի, կամաց-կամաց Եվրամիության աստղաշատ դրոշը դառնալու է ծիածանագույն:
Այն, որ մերկությունն էլ ավելի նվազ էր այս տարվա «Եվրատեսիլ»-ում, նույնպես միֆ է: Էլ ի՞նչ պետք է անեին, երբ Շվեդիան ներկայացնող ֆիննական «KAJ» եռյակն՝ իրենց կատարմամբ ոչ միայն պատմում էին սաունայի օգտակարության մասին, այլեւ բեմն էին սարքել սաունա՝ մերկ տղամարդով ու կանանցով: Ընդ որում՝ բուքմեյքերները կանխատեսում էին, որ հենց նրանք էլ կարող են դառնալ այս տարվա հաղթողները, մինչդեռ հայտնվեցին չորրորդ տեղում։
Իսկ, օրինակ, Մալթան ներկայացնող երգչուհի ՄԻՐԻԱՆԱ ԿՈՆՏԻ կատարման ժամանակ մերկ տղամարդիկ դեկորացիայի մաս էին կազմում: Մի խոսքով՝ այնքան մերկ ու վուլգար կերպարներ կային եվրատեսիլյան բեմում, որ Միքելանջելոյի Դավիթի մերկ արձանը Սան Մարինոն ներկայացնող երգիչ ԳԱԲՐԻ ՊՈՆՏԵԻ ֆոնին դարդից նյարդային ծամոն էր ծամում:
ԵԹԵ ՍՓՅՈՒՌՔԸ ՉԻ ՔՎԵԱՐԿՈՒՄ, ՈՒՐԵՄՆ՝ ՀԵՆՑ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԷԼ ՈՒՂԱՐԿԵՔ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»
Եվ վերջում, իհարկե, չենք կարող չանդրադառնալ հանդիսատեսի քվեարկությանը, որի արդյունքում Հայաստանը ստացավ ընդամենը 30 միավոր: Եթե անգամ Հայաստանի ներկայացուցիչը լիներ թեկուզ ամենավատն՝ իր կատարումով ու կերպարով, միեւնույն է, չէ որ ունենք 10 միլիոնանոց սփյուռք, ո՞ւր են, ինչո՞ւ այլեւս չեն քվեարկում:
Թերեւս այս հարցի պատասխանը պետք է տա Սփյուռքի հարցերով հատուկ հանձնակատար Զարեհ Սինանյանն առաջին հերթին, իսկ հետո՝ Նիկոլ Փաշինյանը: Փաստացի սա այն պտուղներն են, որը քաղում ենք Սփյուռքին հայրենիքից օտարելով, հիասթափեցնելով ու արհամարելով: Օրինակ, Սինանյանի կոչով երեւի նույնիսկ վերելակի կոճակը սեղմի, չի գա, ուր մնաց թե որեւէ սփյուռքահայ քվեարկի մեր երկիրը ներկայացնողի օգտին:
Իսկ առհասարակ՝ «Եվրատեսիլ»-ի հետ կապված միակ կոչը, որ կարելի է անել, այն է, ինչ ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ է ժամանակին արել:
«Ակնհայտ է, որոշ ուժեր փորձում են աշխարհում վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները: Դրանք իրենց համար հարթակ են դարձրել «Եվրատեսիլ» կոչվածը: Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական պետք է լինի, որ մեր երկիրը մասնակցում է համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` բոյկոտել «Եվրատեսիլը»,- հորդորել էր նա՝ դեռեւս տարիներ առաջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ