Խաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծ
Մշակութային
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ՝ մայիսի 24-ին, ժամը՝ 16:00-ին,Հայաստանի Նկարիչների միությունում (ք. Երևան, Աբովյան 16) տեղի կունենա «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Այս միջոցառումը միավորում է Հայաստանի և արտերկրի ավելի քան 1500 շնորհալի երեխաների՝ 2 տարիքային խմբերում (մինչև 10 և 10-15 տարեկան), ովքեր իրենց արվեստով փոխանցում են խաղաղության, համերաշխության և մարդասիրության կարևորագույն արժեքները: Եզրափակիչ ցուցահանդեսին մասնակցում են 80 լավագույն ստեղծագործություններ՝ միջազգային արհեստավարժ ժյուրիի կողմից ընտրված։ Յուրաքանչյուր աշխատանք արտահայտում է խաղաղության երազանքներ ու պատկերացումներ՝ երեխաների անկեղծ տեսանկյունից։ Միջոցառման ընթացքում կհանձնվեն մրցանակներ, դիպլոմներ, խրախուսական պատվոգրեր ուսուցիչներին և կրթական հաստատություններին, ինչպես նաև հատուկ մրցանակներ։
Նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում։ Շուտով գործարկվելու է artforpeacekids.com կայքը,որը կդառնա միջազգային հարթակ, որտեղ կներկայացվեն երեխաների ստեղծագործությունները՝ խաղաղության, համերաշխության և հույսի ուղերձներով։ Այստեղ արվեստը կդառնա կապող կամուրջ՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող ստեղծագործողների միջև։


