«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները: Ընդգծելով բոլոր հարևանների հետ սերտ կապերի պահպանման Իրանի քաղաքականությունը՝ Ահմադիանն ասել է, որ արտաքին ուժերը շահագրգռված չեն ողջ տարածաշրջանում հանգստությամբ։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է նաև Թեհրանի և Երևանի միջև համատեղ նախագծերի ամբողջական իրականացման անհրաժեշտությունը։
Թեհրանը ցանկանում է, որ ՀՀ-ն ունենա հզոր բանակ, կայուն տնտեսություն, ամուր սահմաններ, չտրամադրի Անկարային ու Բաքվին «Զանգեզուրի միջանցքը», որը դառնալու է ՆԱՏՕ-ի ու Իսրայելի ռազմական լոգիստիկան ընդդեմ Իրանի»,-գրում են հեղինակները։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել են Իրանի և «այլ մասնակիցների» հետ «օկուպացիայից ազատագրված տարածքներում» համատեղ զորավարժությունների մասին։ Հանդիպմանը ներկայացվել է զեկույց զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի և անցկացման վայրի, նախապատրաստական գործընթացի, անվտանգության կանոնների, ինչպես նաև տարբեր փուլերում կատարվելիք խնդիրների մասին։ Տեղեկացվում է, որ զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 21-ը։
Այս առումով «Հանրապետության հրապարակը» նշում է, որ Իրանը խորացնում է ռազմա-քաղաքական, տնտեսականէներգետիկ, տրանսպորտային կապերն ու նախագծերն Ադրբեջանի հետ՝ ցանկանալով նվազեցնել Ադրբեջանում Թուրքիայի և Իսրայելի, ինչպես նաև բրիտանական ազդեցությունը. «Իրանը չի ցանկանում, որ Ադրբեջանը վերածվի հակաիրանական պլացդարմի՝ պանթուրքական ուժերի, Իսրայելի և անգլո-սաքսոնական շահերի համար։ Իրանն իր տարածքն է առաջարկում Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար, դրանով ցանկանում է պահպանել իր ազդեցության լծակները թե՛ Բաքվի, թե՛ Նախիջևանի վրա, ինչպես նաև ադրբեջանական նոր հարձակումից փրկել Սյունիքը։ Բացի այդ, Ադրբեջանն ու Իրանը կյանքի են կոչում ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգիծը։ Այսպիսով, Թեհրանը ցանկանում է ունենալ իր ազդեցության լծակներն Ադրբեջանի վրա՝ դրանով փորձելով խաթարել թուրք-ադրբեջանական տանդեմը»։
Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանն, ըստ հեղինակների: «Իրանն ու ԵԱՏՄ խորացնում են կապերը տնտեսական ոլորտում, և Հայաստանը կարող է դառնալ ռուսական և վրացական ապրանքների համար միջանցք դեպի Իրան ու Պարսից ծոց։ Իրանը ցանկանում է ՀՀ-ով ունենալ անխափան լոգիստիկա դեպի Սև ծով և ռուսական շուկա։ Հայաստանը պետք է ավելի օպերատիվ կերպով կյանքի կոչի Հյուսիս-Հարավ նախագիծը, որի շուրջ պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր, տուրիստական և այլ լոգիստիկաներ. Հյուսիս-Հարավը պետք է դառնա Հայաստանի կյանքի ճանապարհը դեպի Իրան, ևս մեկ գործոն, որը կամրապնդի Սյունիքի անվտանգությունն ու կկանխի արտագաղթն այդ կարևոր մարզից։ Այսպիսով, ՀայաստանԻրան կապերը պետք է բարձրացնել որակապես նոր մակարդակ՝ դրանք հարստացնելով իրանական ներդրումներով, համատեղ ձեռնարկություններով՝ օգտագործելով նաև Իրանի հայ համայնքի գործոնը, որպես միավորող հնարավորություն։ Իրան-Հայաստան կապերի ամրապնդումը կբարձրացնի ՀՀ աշխարհաքաղաքական դերն ու կզսպի թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայ նպատակներն ու ծրագրերը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում