ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԹՇՆԱՄՈՒ
Վերլուծություն
Անցած շաբաթվա կարեւոր իրադարձություններից մեկը կարելի կլիներ համարել Նիկոլի այցն Ալբանիա եւ Ալիեւի հետ հանդիպումը: Բայց դժվար է ասել` դա կարեւո՞ր էր, թե` ոչ: Ամեն ինչ «ժողովրդի հետ քննարկելու» մասին ճառեր հնչեցնող Նիկոլն այս ողջ գործընթացն այն գաղտնիության տակ է պահում, որ գնահատելը դժվար է` սա որեւէ արդյունք չտվող հերթական «ոտքի վրա» հանդիպո՞ւմն է, թե ինչ-որ տեղաշարժեր եղել են:
ՈՒ Ի՞ՆՉ ԷԻՆ ԽՈՍՈՒՄ ՏԻՐԱՆԱՅՈՒՄ
Ամեն դեպքում, Ալիեւի հետ հանդիպման մասին պաշտոնական լրատվությունը մեղմ կլիներ անգամ խղճուկ համարել: Ընդամենը, որ Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ալիեւի եւ Նիկոլի հանդիպում, ապա` «Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարեւորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը»: Դրան էլ կցել են ձայնազրկված տեսագրություն, որ ոչ մի ավելորդ բառ դուրս չլողա: Ու սա այն դեպքում, երբ խոսքը պետության համար կարեւորագույն թեմայի մասին է:
Կարճ ասած, Նիկոլը նորից «բանակցում է, ինչ- որ ուզում է», թեեւ այդ «ռազմավարությամբ» արդեն կարողացել է երկիրը հասցնել կործանման: Բայց սա չէ այս պահին ամենահիմնականը. որ Նիկոլն այդպես է արել եւ շարունակելու է անել, այն է` արեւմտյան թելադրանքով երկիրը ոչնչացնել, դա նոր բան չես համարի: Այլ բան, թե ինչո՞ւ հանկարծ Ալիեւը որոշեց խոսել Նիկոլի հետ, երբ «խաղաղության համաձայնագիր» կոչվածի մասով, գոնե ադրբեջանական պաշտոնական հայտարարություններից դատելով, խոսելու բան պարզապես չկա: Այն է` պաշտոնապես հայտարարվել է, որ համաձայնագիրը պատրաստ է: Նաեւ կա Բաքվի քանիցս կրկնած վերջնագիրը` այն չի ստորագրի, քանի դեռ Նիկոլը չի փոխել Հայաստանի Սահմանադրությունը: Սահմանադրությունը փոխված չէ, եւ քիչ հավանական է, որ Նիկոլը, իր ներկայիս «պլինտուսից ցածր» վարկանիշով, կկարողանա դրական արդյունքով հանրաքվե անցկացնել, անգամ եթե եղած-չեղած ողջ վարչական ռեսուրսը դրան ուղղի: Այսինքն, Ալիեւի վերջնագիրը կատարել հնարավոր չէ, որը տանում է հետեւյալին. կա´մ նա պետք է իր վերջնագրից հրաժարվի, կա´մ, կրկնենք, Նիկոլի հետ խոսելու բան պարզապես չկա: Իհարկե, կարող են նաեւ այլ բաներից խոսել: Բայց դա էլ կնշանակի, որ անգամ նիկոլյան այդ խղճուկ պաշտոնական լրատվությունն է կեղծիք. այլ բաներից են խոսել, բայց ներկայացնում են, թե քննարկել են «խաղաղության համաձայնագրի» հետ կապված հարցերը:
Այսպիսով, հնարավո՞ր է, որ Ալիեւը, հանդիպել-քննարկելով Նիկոլի հետ, ակնարկում է, որ կարող է Սահմանադրության վերջնագրից հրաժարվել եւ գնալ «խաղաղության համաձայնագրի» ստորագրման: Սա էլ է տարբերակ: Բայց այստեղ պետք է հետեւյալ նյուանսը հաշվի առնել: Այն, որ Սահմանադրությունն իրականում Ալիեւին այնքան էլ «կենսական անհրաժեշտություն» չէ, ի սկզբանե էր հասկանալի: Նաեւ, որ դա ընդամենը պատրվակ էր, որ որեւէ համաձայնագիր Նիկոլի հետ չստորագրի: Ավելին, որ անգամ այդ «խաղաղության համաձայնագիր» ասվածն է, խոշոր հաշվով, անիմաստություն, որն արեւմտյան լիբերաստներն արհեստականորեն մտցրին օրակարգ` դրա քողի տակ Նիկոլի համար Արցախից հրաժարվելու պատրվակ սարքելով, նաեւ, հայ-ադրբեջանական գործընթացը ռուսական ուղղվածությունից, այն է` Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների դաշտից դուրս բերելու համար: Բայց ահա, Արցախն իրենով անելուց հետո Ալիեւը պարզապես «գցեց» լիբերաստներին` կտրուկ սրելով հարաբերություններն ինչպես բայդենյան ԱՄՆ-ի, այնպես էլ` եվրոպացիների հետ: Եվ այդ ֆոնին էլ մեյդան եկան նրա այդ նախապայմանները, այդ թվում` ՀՀ Սահմանադրության հետ կապված` այդ ամենը դարձնելով պայմանագիրը չստորագրելու հարցում «մատի փաթաթան»: Ընդ որում, այդ փուլում Ալիեւն իրեն դրսեւորում էր ռուսական դաշտի ամենաջերմ աջակցի դիրքերում եւ քանիցս հայտարարել է, որ ոչ մի այլ բանակցային հարթակ չի ընդունում, բացի ռուսականից:
Եվ ահա, ալբանական այս հանդիպումը միանգամից հակասության մեջ է մտնում Ալիեւի բոլոր նախկին հայտարարությունների հետ: Նախ, որ արեւմտյան ոչ մի բանակցային հարթակ չի ընդունում: Իհարկե, ձեւականորեն սա կարելի է համարել ոչ թե բանակցային հարթակ, այլ, որ ընդամենը ինչ-որ տեղ միասին էին, եւ երկկողմ հանդիպում անցկացրին: Բայց մյուս կողմից, այդ պահին Տիրանայում էր լիբերաստական ողջ «ծաղկաբույլը», եւ փորձում էին լուծել արդեն ոչ միայն Ռուսաստանի, այլ` արդեն նաեւ թրամփյան ԱՄՆ-ին դեմ գնացող հարցեր: Այսինքն, Տիրանան այդ պահին աշխարհի թիվ 1 ուլտրալիբերալական հարթակն էր, եւ միայն այնտեղ գտնվելն արդեն իսկ աշխարհաքաղաքական կողմնորոշման երանգներ էր պարունակում: Նիկոլի այնտեղ գտնվելը, իհարկե, սենսացիա չես համարի. այդ հարթակում նա յուրայինի համարում ունի: Բայց ահա Ալիեւի մասով, ով դեռ միայն վերջերս էր «բերանից եկածն ասում» Տիրանայի այդ հարթակում «ռուլիտ անող» եվրալիդերների հասցեին, բայց ահա, սիրահոժար կերպով գնում է այդ «որջը», արդեն իսկ հարցեր են առաջանում: Այդ թվում, թե միգուցե արդեն նաեւ պատրա՞ստ է արեւմտյան լիբերալների ցանկությամբ «խաղաղության համաձայնագիր» ստորագրել Նիկոլի հետ:
ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ ՄԵՐԺԵԼՈՎ` ՄԵԿՆԵՑ ԵՎՐԱԼԻԲԵՐԱԼՆԵՐԻ ՄՈՏ
Նաեւ նկատենք, որ Ալիեւի Տիրանա մեկնելն էլ ավելի ցցուն դարձրին այն հակասությունները, որոնք նկատվեցին այդ այցի շեմին: Այսինքն, երբ Հեյդարովիչը մտացածին պատրվակով չգնաց Մոսկվա, ուր անգամ Նիկոլն էր չուզենալով գնացել:
Հիշեցնենք, որ այս այցի ֆոնին` ալիեւյան իշխանությունները սկսեցին խոսել Մոսկվայի հետ ունեցած խորը հակասությունների մասին: Ու թեեւ անմիջապես էլ դրանից հրաժարվեցին, թե` նման բան չի ասվել, բայց ահա դրան հետեւած ՌԴ ԱԳՆ-ի, թե` ուզում ենք Բաքվի հետ «առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ եւ փոխադարձ հարգանքի սկզբունքով», եկավ հուշելու, որ Մոսկվայում պարզ տեսնում են, թե իրականում որոնք են Ալիեւի` անցած տարեվերջից սկսած հակառուսական խաղերի իմաստը: Եվ, կրկնենք, որ այդ հակասությունները կան, եկավ նաեւ հաստատելու նրա Տիրանա մեկնելը:
Ամեն դեպքում, ի տարբերություն ռուսական դիվանագիտության այդ մեղմ տոնին, ռուսական ազգայնական դաշտում արդեն առանց այդ բոլոր դիվանագիտական նրբերանգների են սկսել գնահատականներ տալ Բաքվին, այն դեպքում, երբ ընդամենը մեկ տարի առաջ այս ուղղությունից միայն ալիեւահաճո խոսքեր էին լսվում: Օրինակ, Ռուսական ազգայնական ուղղվածության առանցքային կենտրոններից մեկի` «Ցարգրադի» գնահատմամբ` Ադրբեջանին հատուկ դեր է տրվել Արեւմուտքի հակառուսական ծրագրերում։ Այն է, Բաքուն փոխում է իր քաղաքական ուղղվածությունը։ «Դա անում է ավելի ու ավելի բացահայտ։ Եվ Իլհամ Ալիեւը դեմ չէ դրան։ Ֆորմալ առումով չեզոքության հռետորաբանությունը մնում է, բայց գործողությունները ցույց են տալիս, որ ճաք է առաջացել եւ մեծանում է։ Սա վերաբերում է Ռուսաստանը շրջանցելով գազի մատակարարումներին, քաղաքական ժեստերին եւ Ռուսաստանից փախած տարբեր անձանց ապաստան տրամադրելուն»,- նշում է աղբյուրը:
Մասնավորապես, «Ցարգրադի» ուղղության ներկայացուցիչ Ալեքսանդր Բաբիցկին կարծում է, որ Ադրբեջանն անգամ Ռուսաստանից փախած դավաճաններին է փորձում օգտագործել «Ռուսաստանի դեմ ուղղված որեւէ նախագծում… «Ալիեւը ակնհայտորեն ընտրում է «կադրեր», որոնց կարող է օգտագործել Ռուսաստանի դեմ։ Նա ազդանշան է ուղարկում «հինգերորդ շարասյանը». մի՛ ամաչեք՝ դավաճանեք Ռուսաստանին։ Երբ ժամանակը գա, դուք կունենաք փախչելու տեղ՝ ողջույն Ադրբեջան։
Նույն պատկերն է էներգետիկայի ոլորտում, որտեղ, ըստ աղբյուրի, Բաքուն նույնպես ավելի ու ավելի է խաղում Մոսկվայի հակառակ թիմում։ Եվրոպան փնտրում է ռուսական գազի փոխարինող եւ գտնում է, որ ադրբեջանական գազը «անբասիր հեղինակություն» ունի։ Եվ այսպես շարունակ:
Եվ հանրագումարում` «Հնարավոր է, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները, որոնք ուղղված են Ռուսաստանից հեռանալուն, համակարգվում են Արեւմուտքի, մասնավորապես՝ Լոնդոնի կողմից։ Եվ Ալիեւը, կարծես թե, բոլորովին էլ դեմ չէ դրան: Նախկին խորհրդային հանրապետությունը գլխավոր դերերից մեկն է խաղում Արեւմուտքի՝ Ռուսաստանը ռազմավարական առումով թուլացնելու ծրագրերում։ Մեր երկրի հարավային եւ կովկասյան սահմաններին մշտական պոտենցիալ սպառնալիքի ստեղծումը մեր թշնամիների երկնագույն երազանքն է»,- ընդգծեց Բաբիցկին։
Այսինքն, արդեն խոսքը Մոսկվայի եւ Բաքվի ընդամենը հակասությունների մասին չէ, այլ որ Ադրբեջանը ավելի ու ավելի է հաստատվում ռուսական թշնամու կերպարի դերում: Իրականում այդպե՞ս է, թե Ալիեւն ընդամենը փորձում է նման խաղերով Մոսկվայում խանդ առաջացնել` հասնելով ինչ-ինչ հարցերում որոշակի զիջումների: Երկու տարբերակն էլ, իհարկե, մնում է հավանական: Բայց այս պահին խոսքն այլ բանի մասին է. ռուսական ազգայնական դաշտում Ադրբեջանին աստիճանաբար սկսում են նայել որպես թշնամու, եւ դա անկախ այն բանից, թե իրականում ինչ ծրագրերով է առաջնորդվում Ալիեւը: Այն դեպքում, երբ դեռ ընդամենը վերջերս նույն շրջանակներում այն հիմնական թեզն էր, որ Ադրբեջանին պետք է ընտրել, որպես հիմնական դաշնակից, որը մեխանիկորեն ռուսական դաշտում կպահի նաեւ Հայաստանին: Ու պարզվեց, որ այդպես չէ. Ալիեւն ու Նիկոլը, եւ որ էլ ավելի վատ է` Էրդողանի քավորությամբ կարող են միասին նստել ուլտրալիբերալական որջում ու ինչ-որ բանից խոսել` փաստի առաջ կանգնեցնելով: Ու թե սա ուր կտանի, եթե արագորեն մոսկովյան այդ ողջ քաղաքական կուրսը չվերախմբագրվի, մեծ հարց է:
Չնայած, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հաստատվեց, որ մայիսի 21-ին Լավրովը, երկար ընդմիջումից հետո, կայցելի Հայաստան: Սպասենք այս այցի արդյունքներին: