Անահիտ Ավանեսյանն ինձ փորձել է պարտադրել համաձայնվել 87 մլն դրամի գոյություն չունեցող «խախտումների» հետ. Նազինյան
Հասարակություն
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, այո՛, փորձել է ինձ պարտադրել համաձայնվել Հանձնաժողովի կազմած՝ ավելի քան 87 միլիոն ՀՀ դրամի գոյություն չունեցող «խախտումների» հետ։ Նման հայտարարություն է տարածել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանը՝ արձագանքելով մայիսի 12-ին Առողջապահության նախարարության պաշտոնական պարզաբանմամը, թե ինքը մայիսի 10-ին hetq.am-ի հետ հարցազրույցում իբր ստահոդ և մանիպուլյատիվ պնդումներ է արել։
«Պատասխանատու կերպով վերահաստատում եմ, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, այո՛, փորձել է ինձ պարտադրել համաձայնվել Հանձնաժողովի կազմած՝ ավելի քան 87 միլիոն ՀՀ դրամի գոյություն չունեցող «խախտումների» հետ։
Հաշվի առնելով, որ նախարարության պարզաբանման առաջին կետի վերաբերյալ ասելիքը ծավալուն է, երկրորդ և երրորդ կետերին կանդրադառնամ առաջիկայում։
Մանրամասն ներկայացնում եմ, թե իրականում ինչպիսին է եղել նախարարություն պարզաբանման առաջին կետով նշված «աշխատանքային նորմալ պրոցեսը»։
ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հուլիսի 19-ի թիվ 3124-Ա հրամանով ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության (այսուհետ՝ ՊԱԳ) հանձնաժողովի (կազմը՝ ՊԱԳ-ի պետի տեղակալ Կարեն Միքայելյան (հանձնաժողովի նախագահ) և ՊԱԳ-ի փորձագիտական գնահատման և մշտադիտարկման 1-ին բաժնի պետ Նաիրա Ավետիսյան) կողմից 2022 թվականի հուլիսի 20-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Կենտրոն) կատարված դիտարկումների արդյունքում կազմված առաջին եզրակացությունը էլեկտրոնային եղանակով ինձ էր ուղարկվել 2022 թվականի օգոստոսի 12-ին։ Համաձայն եզրակացության՝ Կենտրոնում արձանագրվել էր ընդհանուր՝ ավելի քան 260 միլիոն ՀՀ դրամի խախտումներ։
2022 թվականի օգոստոսի 26-ին իմ կողմից Հանձնաժողովին ներկայացվեցին համապատասխան առաջարկություններ և դիտողություններ, որով Կենտրոնն իր հիմնավոր անհամաձայնությունն էր հայտնել Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ՝ համաձայնվելով միայն շուրջ 3 միլիոն ՀՀ դրամի խախտումների փաստի հետ։
Մասնավորապես, համաձայն հանձնաժողովի եզրակացության՝ Կենտրոնի կողմից 2020 թվականից 2022 թվականի ընթացքում բուժանձնակազմին չէր վճարվել ընդհանուր 144.167.949 ՀՀ դրամ, ինչպես նաեւ չվճարված աշխատավարձի 20 տոկոսի չափով հաշվարկվել էր տուգանք՝ 28.833.589 ՀՀ դրամ։ Կենտրոնը մանրամասնորեն ներկայացրել էր, որ Հանձնաժողովի եզրակացությունն այս մասով բոլորովին անհիմն է և հակասում է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներին։
Բացի այդ, Հանձնաժողովը մեկ այլ կետով էլ էր խախտումներ արձանագրել և եզրակացրել, որ Կենտրոնի պետական ֆինանսավորումից նվազեցման ենթակա գումարը կազմում է 84.350.000 ՀՀ դրամ։ Այս կետով Հանձնաժողովը եզրակացության մեջ հիմք էր ընդունել միայն հետևյալ երկու իրավական ակտերը.
- ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային (շարունակական) և հիվանդանոցային ծառայությունների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 18-Ն հրաման.
- ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 21-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու և առողջապահության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 18-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 03-Ն հրաման։
Վերոնշյալ կետի հետ կապված՝ Հանձնաժողովն իր եզրակացության մեջ այլ իրավական ակտեր հիմք չէր ընդունել։
2022 թվականի սեպտեմբերի 23-ին Առողջապահության նախարարությունում նախարար Անահիտ Ավանեսյանի, ՊԱԳ-ի պետ Ահարոն Բարսեղյանի, ՊԱԳ-ի պետի տեղակալ Կարեն Միքայելյանի, ՊԱԳ-ի փորձագիտական գնահատման և մշտադիտարկման 1-ին բաժնի պետ Նաիրա Ավետիսյանի և իմ մասնակցությամբ տեղի ունեցավ «քննարկում» Հանձնաժողովի եզրակացության և Կենտրոնի կողմից ներկայացված առաջարկությունների ու դիտողությունների վերաբերյալ, որի արդյունքում Հանձնաժողովի և իմ միջև որևէ համաձայնություն չկայացավ։ Ողջ քննարկման ընթացքում ՊԱԳ-ի աշխատակիցները նախարարի ներկայությամբ պնդում էին, որ Հանձնաժողովի եզրակացությունն ամբողջությամբ իրավաչափ է և հիմնավոր։
2022 թվականի սեպտեմբերի 29-ին Անահիտ Ավանեսյանի մոտ ընդունելության և առանձնազրույցի ընթացքում նախարարն իր անհամաձայնությունը հայտնեց եզրակացության աշխատավարձի չվճարման վերաբերյալ կետի մասով։ Այսինքն՝ Կենտրոնի առաջարկություններն ու դիտողությունները հե՛նց իրեն՝ նախարարին ուղարկելուց ավելի քան մեկ ամիս անց և իր իսկ մասնակցությամբ քննարկումից 6 օր անց նախարարը վերջապես հաստատեց, որ եզրակացությամբ ավելի քան 172 միլիոն ՀՀ դրամի խախտումների արձանագրումն իրականությանը չի համապատասխանում։
Միաժամանակ հայտնեց, որ մյուս կետով (ավելի քան 84 միլիոն ՀՀ դրամ) արձանագրվածն ինչ-որ առումով «կասկածելի» է և առաջարկեց համաձայն չլինելու դեպքում դիմել դատարան, իսկ համաձայնվելու պարագայում հնարավորություն կտրվեր եզրակացությամբ սահմանված 84.350.000 ՀՀ դրամի չափով գումարը բաշխել և վճարել չորս տարիների ընթացքում։ Ես ժամանակ խնդրեցի դատարան դիմելու հարցի մասին մտածելու համար՝ միաժամանակ նշելով, որ ուզում եմ արդեն գրեթե 3 ամիս տևող այս «ոդիսականն» արագ ավարտվի, մենք էլ անցնենք մեր բնականոն գործունեությանը։ Նախարարն անգամ «ժամանակ տվեց»՝ հավելելով մտածել և որոշել։
Հետագայում իհարկե ինձ հասկանալի դարձավ, որ նախարարն ընդամենը ցանկանում էր պարզել իմ տրամադրվածությունն ու հետագա գործողությունները։ Եվ ինչպես ցույց տվեցին հաջորդող օրերը, ցավոք, ես չէի սխալվում։
Այսպես, ՊԱԳ-ը նախարարության ստորաբաժանում է, իսկ Հանձնաժողովը ձևավորվել էր նախարարի հրամանով։ Ավելի մատչելի ասած՝ ես «դատի էի տալու» նախարարությանը և նախարարին, ինչից հետո անխուսափելի էր Կենտրոնի և իմ նկատմամբ տարաբնույթ լծակների կիրառմամբ նորանոր ճնշումների գործադրումը։ Բժշկական կազմակերպությունների բոլոր ժամանակների ղեկավարները, նախարարություն նախկին և ներկա աշխատակիցները կհիշե՞ն գեթ մեկ դեպք, երբ նախարարության ենթակա կազմակերպությունը «դատի տա» իր հիմնադրին՝ նախարարին և նախարարությանը։
Բայց ամենակարևորը, Հանձնաժողովը ձևավորվել էր նախարարի հրամանով և նախարարն իրավասու էր ազդել Հանձնաժողովի եզրակացության վրա։ Նախարարն անգամ իր լիազորությունների շրջանակներում իրավասու է աշխատանքից ազատել գոյություն չունեցող՝ հարյուրավոր միլիոնների խախտումներ արձանագրող աշխատակիցներին։ Այսինքն՝ դատարան դիմելու անհրաժեշտություն բացարձակ չկար։
Այսպես, նախարարի մոտ ընդունելությունից ընդամենը մեկ օր անց՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին, ինձ զանգահարեց Կարեն Միքայելյանը՝ հայտնելով, որ պետք է գնամ ՊԱԳ և ստորագրեմ՝ հավելելով, որ ավելի քան 170 միլիոն ՀՀ դրամը եզրակացությունից հանվել է։
Համոզված եմ, որ Կարեն Միքայելյանի զանգը նախարարի ուղիղ հանձնարարությունն էր։
Հասկանալով, որ նախարարն ու նրա ենթակաները մանիպուլացնում են ինձ, հոկտեմբերի 4-ին՝ իր հետ առանձնազրույցից ընդամենը հինգ օր անց, WhatsApp-ով նախարարին հայտնեցի, որ պատրաստվում եմ իրեն զեկուցագիր ներկայացնել՝ Հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված ավելի քան 172 միլիոն ՀՀ դրամի և ավելի քան 84 միլիոն ՀՀ դրամի խախտումների վերաբերյալ արձանագրումը չեղարկելու պահանջով։ Նախարարը, նախ, պահանջեց WhatsApp-ով ուղարկել զեկուցագրի օրինակը, որից անմիջապես հետո պահանջեց նման բովանդակությամբ զեկուցագիր չգրել, այլ մեկ այլ զեկուցագիր գրել և համաձայնվել 87 միլիոն ՀՀ դրամի խախտման վերաբերյալ եզրակացության հետ՝ պարտավորվելով 87 միլիոն ՀՀ դրամը մարել 4 տարիների ընթացքում։ Կարճ ժամանակ անց ես նախարարին պատասխանեցի, որ որևէ դեպքում չեմ ստորագրելու՝ պատրաստակամություն հայտնելով անգամ ազատվել աշխատանքից։
Սկսած 2022 թվականի սեպտեմբերի 30-ից, Հանձնաժողովի նախագահ Կարեն Միքայելյանը պարբերաբար զանգահարում կամ WhatsApp-ով գրում էր, որ անհրաժեշտ է այցելել ՊԱԳ և ստորագրել «նոր եզրակացությունը» (այսուհետ՝ երկրորդ եզրակացություն)՝ առանց փաստաթղթի բովանդակության վերաբերյալ ինձ նախօրոք հայտնելու կամ ծանուցելու։
2022 թվականի հոկտեմբերի 10-ին ինքս զանգահարեցի Կարեն Միքայելյանին և պահանջեցի սահմանված կարգով՝ էլեկտրոնային եղանակով ներկայացնել երկրորդ եզրակացության պատճենը՝ դրա բովանդակությանը ծանոթանալու համար։ Նույն օրը Կարեն Միքայելյանը WhatsApp-ով անորակ լուսանկարներով ուղարկում է 30.09.2022թ.-ով գրված և Հանձնաժողովի կողմից ստորագրված ևս մեկ եզրակացություն, որն իր բովանդակությամբ էականորեն տարբերվում էր նախորդից՝ առաջին եզրակացությունից։
Ի տարբերություն առաջին եզրակացության, երկրորդ եզրակացությունում Կենտրոնի կողմից 2020 թվականից 2022 թվականի ընթացքում բուժանձնակազմին չվճարված ընդհանուր 144.167.949 ՀՀ դրամի, ինչպես նաև չվճարված աշխատավարձի 20 տոկոսի չափով հաշվարկված տուգանքի (28.833.589 ՀՀ դրամ) վերաբերյալ կետն այլևս առկա չէր։
Մյուս՝ ավելի քան 84 միլիոն ՀՀ դրամի «խախտումների» մասով Հանձնաժողովը երկրորդ եզրակացության մեջ փոփոխել էր բովանդակությունը՝ այս անգամ արդեն հղում կատարելով հետևյալ իրավական ակտերին.
- ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային (շարունակական) և հիվանդանոցային ծառայությունների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 18-Ն հրաման.
- ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպություններում 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության բժշկական օգնության և սպասարկման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 961-Լ հրաման (սույն հրամանն այդ պահին ուժը կորցրած էր).
- ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 1-ի «ՀՀ քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 07-Ն հրաման։
2022 թվականի հոկտեմբերի 11-ին Առողջապահության նախարարի մոտ ընդունելության ժամանակ նախարարին հայտնեցի, որ երկրորդ եզրակացության հետ ևս համաձայն չեմ։
2022 թվականի հոկտեմբերի 12-ին Առողջապահության նախարարի օգնականի պահանջով Հանձնաժողովի եզրակացությունների և առաջին եզրակացության վերաբերյալ Կենտրոնի առաջարկությունների և դիտողությունների պատճեններն էլեկտրոնային եղանակով ուղարկվել են։
2022 թվականի հոկտեմբերի 17-ին Առողջապահության նախարարի կողմից Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարին, ՊԱԳ-ի պետին և ինձ ուղարկված էլեկտրոնային նամակով հանձնարարվեց կազմակերպել քննարկում Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետի մասնակցությամբ։
2022 թվականի հոկտեմբերի 28-ին Առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ ևս մեկ քննարկում Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանի, Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետի, Կարեն Միքայելյանի, Նաիրա Ավետիսյանի, Կենտրոնի փոխտնօրեն (մասնագիտությամբ իրավաբան) Վիկտորյա Հակոբջանյանի և իմ մասնակցությամբ։ Ինչպես 2022 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած՝ երկրորդ եզրակացությունից խիստ տարբերվող բովանդակությամբ առաջին եզրակացության վերաբերյալ քննարկման ժամանակ, այս անգամ էլ ողջ քննարկման ընթացքում ՊԱԳ-ի աշխատակիցները պնդում էին, որ Հանձնաժողովի այս մի եզրակացությունն էլ է ամբողջությամբ իրավաչափ և հիմնավոր։
Անգամ այս ամենից հետո էլ խնդիրը գրեթե մեկ ամիս շարունակ չէր լուծվում, թեև ես շարունակաբար բարձրաձայնում էի ինչպես նախարարին, այնպես էլ այդ ժամանակաշրջանում Կենտրոնը համակարգող նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին։ Հիմա ավելի քան համոզված եմ, որ հարցի լուծումն ամիսներ շարունակ «ձգձգելու» և ինձ անորոշության մեջ պահելու նպատակն ամեն գնով իմ ստորագրությունը «պոկելն» էր։ Սայլը տեղից շարժվեց, երբ արդեն նոյեմբերին նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին հայտնեցի, որ հաղորդում եմ ներկայացնելու Գլխավոր Դատախազություն։
Վերջապես 2022 թվականի նոյեմբերի 23-ին նախարարն էլեկտրոնային եղանակով հայտնեց իր գրավոր դիրքորոշումը՝ ի թիվս այլ հրահանգների, հանձնարարելով նաև Կենտրոնի 2022 թվականի ընթացիկ կատարողականից պակասեցնել շուրջ 20 միլիոն ՀՀ դրամ։
Օրեր անց Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանի աշխատասենյակում ստորագրեցի արդեն երրորդ եզրակացությունը՝ հիմնվելով Առողջապահության նախարարի գրավոր հանձնարարականի վրա։ Չնայած այն հանգամանքին, որ նախարարի գրավոր դիրքորոշմամբ հանձնարականները տրվել էին 2022 թվականի նոյեմբերի 23-ին, այնուամենայնիվ երրորդ եզրակացության մեջ, որպես եզրակացության ամսաթիվ, ՊԱԳ-ի կողմից նշված էր կրկին «30.09.2022թ.» ամսաթիվը, այսինքն՝ երկրորդ եզրակացության մեջ նշված ամսաթիվը»։