Հակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան
Ներքաղաքական
Ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ՝ կաշառք ստանալու համար։ Ձերբակալությունը եղել է երեկ առավոտյան՝ այն ժամանակ, երբ ընթացել է Երեւանի ավագանու հերթական նիստը: «Իրավունք»-ն այս մասին զրուցեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:
— Ի՞նչ մեկնաբանություն կտաք մայիսի 20-ին կատարված ձերբակալությունների վերաբերյալ, եւ արդյո՞ք այս ձերբակալությունների շարքը չի խոսում այն մասին, որ կոռուպցիան նվազելու փոխարեն՝ մեծ աճ է գրանցել վերջին տարիներին:
— Իհարկե, մեկ բան ակնհայտ է` որտեղ կոռուպցիան է շատ, այնտեղ ձերբակալություններն են շատ: Այս տեմպերով, որ շարունակվի, քրեակատարողական ծառայությունը ստիպված կլինի մի առանձին բանտ բացել՝ միայն Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների ձերբակալված աշխատակիցներին պահելու համար: Կոռուպցիայի մետաստազները թափառում են քաղաքային իշխանության մեջ: Այնպես որ, օրինաչափ երեւույթ է, կզարմանանք, որ որոշակի պարբերականությամբ ձերբակալություններ չլինեն:
— Դուք ամբիոնից ասացիք, որ եթե այսպես շարունակվի, ապա հակակոռուպցիոնի աշխատակիցները քիչ-քիչ կմտնեն նիստերի դահլիճ: Ի՞նչ եւ ո՞ւմ նկատի ունեիք:
— Տեսեք՝ ինչ ստացվեց, թաղապետարաններում եղան ձերբակալություններ, վերջերս էլ եղան քաղաքապետարանի Բուզանդի մասնաշենքում ձերբակալություններ: Արդեն մուտք են գործում Երեւանի քաղաքապետարանի հիմնական մասնաշենք: Այսինքն՝ աստիճանաբար հակակոռուպցիոնի աշխատակիցները կմոտենան նիստերի դահլիճին, որտեղ նստած են կոռուպցիայի վրա իրենց փեշերը փռած տարբեր չինովնիկներ, եւ որքան մոտենա նախընտրական ընտրարշավը, այնքան աղմկոտ ձերբակալություններ են հնարավոր:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ