Էդմոնին ընդդիմադիր մի՛ ըսեք, մեղք է
Վերլուծություն
ՔՊ-ից վտարված պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսում: Վերջիններիս վարչապետի թեկնածուն էլ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է՝ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը: Էդմոն Մարուքյանը համաձայնել է ու այս գործընթացը համարել պատմական:
Ով էր Էդմոն Մարուքյանը «հեղափոխությունից» առաջ, հիշեցնենք՝ 2017 թվականին Ազգային ժողովի ընտրություններին նա առաջնորդում էր «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը, երկրորդ տեղում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն էր, երրորդ տեղում Նիկոլ Փաշինյանը: Բայց ուշագրավը ոչ միայն այս տրիոյի գաղափարական միասնությունն էր այն ժամանակ, այլեւ` նախընտրական ծրագիրը:
«Ելքի» նախընտրական ծրագրում ասվում էր, թե «որպես Արցախի հարցի կարգավորման թիվ մեկ անելիք՝ միջոցներ կձեռնարկվեն Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման համար: Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող: Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում որեւէ փոխզիջման տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի պատրաստակամությունը»:
Իսկ ի՞նչ արեցին իրականում, այսպիսի հայտարարություններով պարզապես խաբեցին մարդկանց ու ընտրվեցին:
«Երեւի փոխզիջում ասելով՝ նկատի ունեին, որ միայն Հայաստանը պետք է զիջի, Ադրբեջանը ոչ մի փոխզիջում չպետք է անի, ուղղակի, այդ մասին չէին գրել եւ մարդկանց գցեցին խորը թյուրիմացության մեջ», - նշում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Բացի դրանից՝ «Ելք» դաշինքի եռյակն իր նախընտրական ծրագրում արտաքին քաղաքական սխալ է համարել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: «Այն լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական եւ քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար», - ասել են Ելքականները դեռ 2017-ին եւ նաեւ ընդգծել, որ աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման այլընտրանքներ գտնելու ուղղությամբ: Սա նշանակում է հրաժարվել ՀԱՊԿ-ից եւ մտնել ՆԱՏՕ, ուրիշ տարբերակ չկա, եթե, իհարկե, ուղիղ թուրք-ադրբեջանական տանդեմին անվտանգության ապահովող չեն դիտարկում:
Փաստացի, սա է Էդմոն Մարուքյանի գաղափարական հիմքը, մինչդեռ հիմա իբր տարանջատվել է Փաշինյան Նիկոլից ու այլ դիրքերից է հանդես գալիս՝ հույսը դնելով ժողովրդի կարճ հիշողության վրա:
«Իսկ եթե այսօր Էդմոն Մարուքյանը հետ է կանգնում իր նախընտրական ծրագրերից, ապա պետք է դուրս գա ժողովրդի առաջ, չոքի, պաչի Հայաստանի սուրբ հողը եւ ասի՝ կներեք, ժողովո՛ւրդ ջան, ես, օրինակ, քաղաքականապես տհաս էի: Դրանից հետո՝ գնացել եմ, մտածել եմ, գրքեր եմ կարդացել եւ հասկացել, որ քաղաքական ապուշ էի: Կներեք ինձ, ես այսպիսին էի, բայց ուզում եմ փոխվել: Կամ ասի՝ ես դավաճան էի, ինձ թելադրել էին, որպեսզի գրեի այսպիսի բան: Կարող է նաեւ ասել, որ՝ ես հիմա էլ եմ ձեզ խաբում, ուզում եմ իրականում ԵԱՏՄ-ից դուրս գանք», - արձանագրում է Հայկ Բաբուխանյանը:
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԿԱՄ 2026-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հատկանշական է, որ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, անդրադառնալով իրենց կողմից առաջադրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին, մոտավորապես հասկացնում է, որ կա՛մ նա կլինի այլընտրանքային վարչապետի թեկնածու, կա՛մ Հայաստանն այլ վարչապետ չի ունենա: Իսկը նիկոլական մոտեցում: Նա զգուշացնում է, որ Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը կամ մեկ ուրիշը, ով ցանկանում է ձեռնարկել իմպիչմենտի գործընթաց, պետք է իմանա, որ ինքն ու Հովիկ Աղազարյանը չեն ստորագրի, եւ այդ գործընթացն առաջ չի գնա:
«Էդմոն Մարուքյանն ու Հակոբ Ասլանյանն Ազգային ժողովում ունեցած ճեպազրույցներով փարատեցին բոլոր կասկածները, որոնք ես ունեի։ Այսուհետ ես համոզված եմ, որ այս մոտեցումներով իմպիչմենտի գործընթացի նախաձեռնությունը նպատակ չունի անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Հակոբ Ասլանյանն իրեն բնորոշ պարզամտությամբ ջախջախեց Էդմոն Մարուքյան թվացյալ խորամանկությունը։ Իմպիչմենտի գործընթացը շարունակելու է ընթանալ իր ազնիվ հունով։ Ոչ ոք այն շեղել եւ կասեցնել չի կարող», - շեշտում է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Ըստ էության, մարուքյանների ու աղազարյանների ակտիվությունը գծված պլանի մի շերտն է ընդամենը: Իսկ պլանը հետեւյալն է՝ 2026 թվականին էլի առաջադրվում է մի 25 քաղաքական կուսակցություն ու դաշինք, որոնք փոշիացնում են ձայները: Այդ ձայների որոշակի հատվածը գնում է, իհարկե, Փաշինյան Նիկոլին, որը զբաղեցնում է առաջին տեղը՝ մոտ 15 տոկոս, երկրորդ տեղը վերցնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մոտ 10 տոկոս: Եվ այստեղ այն մարդիկ, որոնք իբր տարանջատվել են Փաշինյան Նիկոլից եւ ընդդիմադիր են դարձել, օրինակ` Էդմոն Մարուքյանն ու Արամ Զ. Սարգսյանը, վերցնում են 4-5 տոկոս, եւ արդյունքում Նիկոլ Փաշինյանը նրանց հետ ստեղծում է դաշինք, որովհետեւ նրանց եւ նրանց նմանների գաղափարախոսությունը նույնն է: Այսինքն՝ նորից Նիկոլ Փաշինյանը դառնում է մեծամասնություն, Ռոբերտ Քոչարյանն էլ՝ գլխավոր ընդդիմադիր: Փաստացի այն, ինչ տեսնում ենք այս վերջին 5 տարին, կտեսնենք եւս 5 տարի:
Ահա, թե ինչու է գերակտիվացել Ռոբերտ Քոչարյանը, եւ ինչու է նրանից ամեն կերպ փորձում թիվ մեկ ընդդիմություն սարքել իշխանությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ այլոց բերանով: Այս համատեքստում պետք է դիտարկել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ յուրային մի քանի լրատվականներին:
«Քոչարյանը հասկանում է, որ կորցնում է ռեալ պոլիտիկում իր ներկայությունը, դրա համար արագ իր ենթակա խմբագրություններին հարցազրույց տվեց: Նախ նոր բան չկար, հարցազրույց էր իր գրքի մասին, կարելի է ասել` գովազդ: Լավ է` էդ մի գիրքն էլ գրեց, թե չէ հիմա ինչի մասին էր խոսելու… 2 ժամ 14 րոպե «դարակազմիկ» հարցազրույց տվեց,որ ընդամենն ասի՝ ինքը կա:Թույլ էր, անհետաքրքիր ու շատ կանխատեսելի», - այսպիսի տպավորություն է ստացել Քոչարյանի հարցազրույցից Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Այո՛, առնվազն Գյումրիի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը՝ իր առընթեր ուժերով, ո՛չ Նիկոլ Փաշինյանն այլեւս երբեմնի աջակիցները չունեն, ժողովուրդը ո՛չ մեկին է ուզում, ո՛չ մյուսին: Դրա համար էլ ցայտնոտ է երկբեւեռ համակարգում: Իսկ իրական ելքը մեկն է՝ պետք է դուրս գալ Փաշինյան-Քոչարյան երկբեւեռ համակարգից, ձեւավորել նոր ուժ՝ նոր գաղափարախոսությամբ: Վերջ դնել խորհրդարանական թոք շոուներին ու լրջանալ:
ՆԻԿՈԼԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒՆ ԴԵՄ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՐԴ
Իսկ ի՞նչ էր ասում Ռոբերտ Քոչարյանն իր ծավալուն հարցազրույցում: Աշխարհաքաղաքական վերլուծության մեջ՝ կրկին իր կոմպլիմենտարիզմի մեջ էր: «Քոչարյանը փորձում է համոզել որ ինքը պրոռուսական հայացքներ ունի. դա սուտ է միանշանակ: Պրոռուսական հայացքներ ունեցողներին կոչ եմ անում չհավատալ Քոչարյանին, չաջակցել: 2021-ին եւս պրոռուսական ձեւացան, բայց «Հայաստան» դաշինքով արեւմտամետերին տարան ԱԺ, որտեղ չկա գեթ մեկ պրոռուսական հայացքներ ունեցող պատգամավոր»., - նկատում է նույնիսկ Քոչարյանին ժամանակին սատարող ռուսաստանաբնակ քաղակտիվստ Արթուր Ղազարյանը:
Իսկ ներքաղաքական վերլուծության մեջ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ ավելի խառնեց ու խճճեց:
«Պաշտոնապես հաստատվեց այն, ինչի մասին ես խոսել էի դեռ ապրիլի 28-ին: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանում Նիկոլին անվստահություն հայտնելուն դեմ են երկու մարդ՝ Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանը», - արձանագրում է նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը:
Ուրիշ էլ ի՞նչ կերպ բացատրել այն, որ Ռ. Քոչարյանը կատեգորիկ դեմ է իմպիչմենթի գործընթացին, բայց այլ լուծում էլ չի առաջարկում: Իսկ առաջարկողը, ի վերջո, հենց ինքը պետք է լիներ՝ որպես խորհրդարանական ամենամեծ ընդդիմության առաջնորդ: Փողոցում անհրաժեշտ զանգվա՞ծ է պետք, բայց, կներեք, առնվազն երկու անգամ այդ զանգվածը կար՝ 2021 թվականին իր հանրահավաքի ժամանակ եւ նախորդ տարի՝ Բագրատ սրբազանի Կիրանցից Երեւան ժամանելու օրը: Ի՞նչ արեցին այդ զանգվածին, հերթական անգամ հիասթափեցրին ու ճամփեցին տուն, էլ չասենք նույն քոչարյանական դաշինքի դիրիժորությամբ կազմակերպված երեւանյան տուրերի մասին՝ փողոցները մաշացնելով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ