Քանի Փաշինյանն իշխանության է, ՀՀ-ն շարունակելու է գահավիժել. Նաիրա Զոհրաբյան
Ներքաղաքական
Հունիսի 11-ին լրանում է երկու տարին, ինչ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական ֆարս՝ դատական ձգձգված գործընթացի ուղեկցությամբ: Անդրադառնալով վերոնշյալին՝ հետեւյալ տեսակետն է հայտնել «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
— Ազգային ժողովի ամբիոնից գխավոր դատախազը հայտարարում էր , որ Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածության արդյունքում հանել են հետախուզումը ադրբեջանցի մարդասպան, մարդ գլխատող Զեյնալիի հանդեպ: Հիշեցնեմ, որ նա ուղիղ եթերում մորթում էր տարեց արցախցուն: Այսինքն՝ տարեց արցախցուն գլխատողի հանդեպ ՀՀ դատախազությունը Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով միջազգային հետախուզումը հանում է, իսկ այստեղ երկու տարի շարունակվում է այս քաղաքական ֆարսը: Եվ երբ լսում ես վկաներին, մարդիկ զարմանում են՝ ինչի՞ են այդտեղ:
Այսքանից հետո՝ ի՞նչ սպասել մի դատարանից, որի իրական ղեկավարը Ազգային ժողովում ընդդիմադիրներին սպառնում է ոտքից կախել, անվանում է՝ համբալներ, սպառնում է լցնել ԱԱԾ-ի պադվալներ: Կարող եմ մեկ բան ասել՝ քանի Փաշինյանը իշխանության է, ՀՀ-ն շարունակելու է գահավիժել դեպի տոտալիտար բռնապետություն: Եվ մեկ անգամ կոչ եմ անում Արմեն Աշոտյանի դատական նիստերը նախագահող դատավոր Դոլմազյանին՝ չդառնալ Փաշինյանի քաղաքական պատվերներ կատարող գործիք, որովհետեւ շատ հնարավոր է՝ մի լուսապայծառ առավոտ զարթնեն, տեսնեն՝ Փաշինյանն էլ չկա: Տեսնեն՝ Նիկոլն իր ընկերուհի Աննա Հակոբյանի հետ թռած է երկրից, իսկ իրենք մնալու են ժողովրդի ու իրավական համակարգի հետ դեմ հանդիման: