ԼԱՎՐՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՇԱՏ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆՔԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վերլուծություն
Վերջին անգամ, թե երբ էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այցելել Հայաստան, արդեն նույնիսկ դժվար է հիշել: Թե ինչով պետք է բացատրել նման երկարաշունչ պաուզան, դժվար չէ կռահել. քաղաքական կուրսը, որը վարում են նիկոլյան իշխանությունները, հենց դրան էլ տանում էր՝ ռուսական կողմի հետ նվազագույն շփումների: Ուրեմն, ինչո՞ւ Լավրովը որոշեց գալ Հայաստան:
ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ
Չնայած, ՌԴ արտգործնախարարի այս այցի մասին խոսակցություններ կային դեռ տարեսկզբից, երբ Միրզոյան Արոն նույնպես երկարաշունչ պաուզայից հետո մեկնեց Մոսկվա: Արոն, ասենք նաեւ նրա տերը՝ Նիկոլը, իհարկե, իրենց շատ ավելի հարմարավետ են զգում եվրոպական «սալոններում»: Բայց ահա, տարեսկզբին արդեն ակնհայտ էր, որ լուրջ փոփոխություններ են սպասվում՝ ԱՄՆ-ում Թրամփի նախագահ դառնալուն պես: Եվ այն, որ գործնականում Թրամփի ինագուրացիային զուգահեռ, երբ արդեն հաստատ էր, որ գլոբալիստները նոր մահափորձի կամ նման այլ միջոցներով չեն կարողանալու արգելակել Թրամփի մուտքը օվալաձեւ աշխատասենյակ, թերեւս անգամ Նիկոլը հասկացավ, որ Մոսկվայի հետ կապերին վերջ տալը դառնում է ժամանակավրեպ, ու հենց այդկերպ էլ ընկալվեց Արոյի մոսկովյան այցը: Ավելին, այդ ժամանակ հնչեցին երկկողմ աշխատանքներն ակտիվացնելու մասին խոսակցություններ, եւ այդ ֆոնին էլ օրակարգում հայտնվեցին Լավրովի՝ Հայաստան այցելելու մասին խոսակցությունները: Բայց նաեւ, որ եթե երկկողմ հարաբերությունները համապատասխանեն որոշակի մակարդակի:
Սա ընդհանրական իմաստով: Իսկ ավելի դետալային առումով այս հարցն է. Լավրովի այս այցը պետք է համարել, որպես հայ-ռուսական եղած խնդիրներին ինչ-որ լուծում տալու քա՞յլ, թե սա այց է ընդամենը «պտիչկա» դնելու համար: Չնայած, այս խառը ժամանակներում ասել, թե Լավրովն ընդամենը «պտիչկայի» համար ժամանակ կկորցնի, երեւի միամտություն կլիներ:
Ինչեւէ, թե ինչ ծրագրեր է հետապնդում ՌԴ արտգործնախարարը Հայաստանում, ՌԴ ԱԳՆ-ն կանխավ որոշակի մեկնաբանություներ տվեց: Այն է՝ «հանգամանալից բանակցությունները» Միրզոյանի, «զրույցներ» Փաշինյանի եւ Խաչատուրյանի հետ։ Դրանք ուղղված են լինելու նախ՝ «2024 թվականի հոկտեմբերի 8-ին բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների զարգացման, ինչպես նաեւ հունվարի 21-ին Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքներին»: Բացի այդ. «Օրակարգում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի քննարկումն է, եվրասիական ինտեգրացիոն միավորումների գծով փոխգործակցությունը» եւ այլն: Վերջապես. «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքերի առարկայական փոխանակում կունենան տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացների հեռանկարների շուրջ»:
Այսինքն, միանգամայն ծանրակշիռ օրակարգ է, որը պարզեցրած տեսքով կարելի է նաեւ այսպես նկարագրել: Այն է, Լավրովը նախ փորձելու է հասկանալ նիկոլյան իշխանությունների ներկա տրամադրությունները երկկողմ հարաբերությունների եւ ինտեգրացիոն միավորումների, եւ, թերեւս, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի հետ կապված (հաշվի առնելով, որ Նիկոլը ԵԱՏՄ-ին գոնե ցուցադրաբար դեմ չի խոսում): Այսինքն, երբ այստեղ ընդունվում են դեպի Եվրամիություն գնալու որոշումներ, բնական է, որ Մոսկվան հարցեր է առաջադրելու: Այդ թվում՝ ինչպե՞ս եք տեսնում Ռուսաստանի եւ ռուսական ինտեգրացիոն համակարգի հետ համագործակցության ապագան, նաեւ հաշվի առնելով Մոսկվայի այն բազմաթիվ զգուշացումները, որ եվրոպական եւ եվրասիական համակարգերն անհամատեղելի են. ԵՄ գնալու դեպքում պետք է դուրս գալ, ասենք, ԵԱՏՄ-ից:
Երկրորդ թեման, որը մշտապես Մոսկվայի համար մնում է առաջնային օրակարգում, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացներն են, հասկանալի է, ելնելով այդ հարցում ռուսների դերից կամ դերի բացակայությունից: Ավելի կոնկրետ, նիկոլյան Հայաստանն իրեն տեսնում է Ադրբեջանն ու Թուրքիան իրար կապող միջանցքի դերո՞ւմ, թե կարող է թեկուզեւ կապի օղակ լինել, բայց ունենալով ՌԴ-ի հետ կապերն ու ներկայությունը, չի գնա վիլայեթացման: Իսկ դա էլ գալիս է ավելի պարզ հարցի՝ ի՞նչ մեխանիզմով են նիկոլականները շարունակում պատկերացնել հայ-ադրբեջանական թեմատիկան, բրյուսելյա՞ն, ավելի ճիշտ՝ բրիտանակա՞ն, թե՝ ռուսական:
Հասկանալի է, այդ բոլոր հարցերը ենթադրում են բարդ քննարկումներ, տարաբնույթ փաստարկներ եւ հակափաստարկներ, որոնք կմնան բանակցային կուլուարներում: Բայց ընդհանրական իմաստը, դատելով գոնե ՌԴ ԱԳՆ-ի այդ նախնական մեսիջներից, հետեւյալն է՝ Լավրովը եկել է շատ կոնկրետ հարցադրումներով եւ, ըստ ամենայնի, նույնքան կոնկրետ պատասխաններ ստանալու՝ ո՞ր ուղղությամբ է պատրաստվում առաջ գնալ նիկոլյան թիմը, եվրալիբերաստակա՞ն, թե՝ ռուսական: Ավելի կոնկրետ, դեռ Արոյի տարեսկզբի մոսկովյան այցի ժամանակ կային այն խոսակցությունները, որ այդ բոլոր քննարկում, փաստարկ-հակափաստարկների հետ մեկտեղ, նրա առաջ հենց նույն հարցադրումներն են դրվել: Եվ նման է, որ այդ ամենին կավելանան նաեւ նոր իրողությունները, որոնք ստեղծվել են այս վերջին չորս ամիսներին, ու հիմա պետք է լինեն վերջնական պատասխաններ:
ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսպիսով, ի՞նչ ռեակցիա է պետք սպասել Նիկոլից: Գոնե տրամաբանորեն այս վերջին չորս ամիսների իրողությունները պետք է որ նրան շատ բան բացահայտած լինեն: Նախ, եթե ժամանակին հայաստանյան, ավելի կոնկրետ՝ հարավկովկասյան ուղղությունը ԱՄՆ-ի ուղիղ հետաքրքրությունների դաշտում էր, եւ ամերիկյան նախկին պետքարտուղար Բլինքենն անձամբ էր զբաղվում հայ-ադրբեջանական գործընթացներով, ապա ներկա պահին այդ հարցում կան տեկտոնական բնույթի փոփոխություններ: Այն է՝ Թրամփն ու նրա թիմը շարունակում են զրոյական հետաքրքրություն ցուցաբերել ոչ թե պարզապես հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի», այլ, խոշոր հաշվով, ողջ Հարավային Կովկասի նկատմամբ: Ամեն դեպքում` փաստն այն է, որ բացի մեկ-երկու «լավատեսական» հայտարարություններից, թե ցանկալի է, որ այդ «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, որեւէ այլ գործնական միտք, կամ անգամ հեռանկարային ռազմավարության մասին ակնարկ Վաշինգտոնից չի եղել: Անգամ այն բանից հետո, երբ Նիկոլը «երեսի զոռով» հասավ փոխնախագահի ընդունարան: Կամ մյուս կողմից. Ալիեւը գրեթե բացահայտ էր սկսել խոսել Նեթանյահուի միջնորդությամբ Իսրայել-ԱՄՆ-Ադրբեջան դաշինքի մասին: Վերջապես, Թրամփը շատ է սիրում իրեն բոլոր մեծ ու փոքր հակամարտությունները լուծողի կերպարով ներկայացնել: Ընդ որում, Հարավային Կովկասն էլ ոչ թե Խաղաղ օվկիանոսում կորած ինչ-որ կղզյակ է, այլ միանգամայն կարեւոր, ռազմավարական նշանակության տարածաշրջան: Ու չնայած այս ամենին, կովկասյան ուղղությամբ ոչ մի տեսանելի ռեակցիա Վաշինգտոնից չկա ու չկա: Անգամ չեն նշմարվում հեռավոր ակնարկներ, որ ինչ-որ պահի Թրամփի մոտ այս ուղղության հանդեպ հետաքրքրություն կառաջանա: Ու այս իրավիճակը գնալով ավելի ու ավելի է համոզիչ դարձնում այն միտքը, որ ներկայիս Վաշինգտոնը կովկասյան գոտին, որպես Իրան-Ռուսաստան կապի օղակ, առաջնային է համարում ռուսական շահը՝ խուսափելով մտնել «մատի եւմատանու» արանքը:
Թերեւս ԱՄՆ-ի այս ռեակցիայից բխող «կասկածները փարատելու» համար Նիկոլն այս ամիսներին մի շարք շփումներ ունեցավ եվրոպացիների հետ: Եվ վերջինը օրերս՝ Տիրանայում, որտեղ նա կարճ շփումներ ունեցավ գործնականում բոլոր եվրալիդերների հետ՝ Մակրոն, Սթարմեր, Մերց, ԵՄ պաշտոնյաներ եւ այլն: Իհարկե, այդ ամենը հրապարակավ մատուցվեց ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու սոուսով: Սակայն դժվար թե Ալբանիա հասնելով, Նիկոլը նաեւ չփորձեր հասկանալ, թե ինչ տրամադրություններ են տիրում եվրալիդերների շրջանակներում: Բայց դա տեսնելու համար թերեւս Տիրանա հասնել անգամ պետք չէր. դատելով տեղեկատվական հոսքերից, եվրալիդերների մոտ տրամադրությունները, մեղմ ասած, մռայլ են: Հենց ալբանական այդ հանդիպման նախօրեին նրանք Ստամբուլում լուրջ պարտություն կրեցին. փորձում էին ամեն կերպ ձախողել ռուսական եւ ուկրաինական պավտիրակությունների ուղիղ հանդիպումը, դրանում մեղադրել ռուսներին եւ Թրամփին պարտադրել՝ գնալ նոր պատժամիջոցների՝ բացառելով Պուտինի հետ ամեն մի շփում: Բոլոր կետերը ձախողվեցին, եւ այդ պահին ակնհայտ էր, որ դա առաջ է բերելու նոր ձախողումներ, որին դեռ կհասնենք: Մինչ այդ, եւս մեկ խոշոր ձախողում ունեցան. փորձում էին իրենց ներկայացուցչին դարձնել Հռոմի պապ, սակայն Թրամփն առանց ավելորդ ջանքերի իր կողմնակցին, ով անգամ ֆավորիտների ցանկում չէր, հասցրեց պապական գահին: Եվ այսպես շարունակ. ձախողումների կանգ չառնող շարան, որոնք բոլորը մեկ բան են ցույց տալիս՝ Եվրոպան գոնե այս պահին լուրջ հարցեր լուծող ֆիգուրա չէ:
Ասել, թե Նիկոլն այս ամենը չի տեսնում, միամտություն կլիներ: Ու միայն այն փաստը, որ նախօրեին, առանց չափազանցության, ողջ աշխարհը սպասում էր Պուտին-Թրամփ հեռախոսազրույցին, եւ դրանից հետո շտապեցին առանձին արտահայտությունների եւ տերմինների մակարդակով վերլուծել այն, արդեն իսկ ոչ թե ազդակ, այլ շատ կոնկրետ փաստ է, որ այս չորս ամիսներին աշխարհում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, եւ ներկա դինամիկան դրանց խորացման ուղղությամբ է…
Ահա, այս իրավիճակում էլ Լավրովը գալիս է Հայաստան, եւ, ամենահավանական տարբերակն է, որ Նիկոլին շատ կոնկրետ հարցեր կտա՝ նույնքան կոնկրետ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Նաեւ հաշվի առնելով, որ Զախարովան շատ կոնկրետ հայտարարեց, թե ԱՄՆ հայաստանյան դեսպանատան 2000 աշխատակիցներից կամ USAID-ից ժամանակին փող ստացողներից ոմանք Զբաղված են «ուսաստանյան-հայկական հարաբերությունների խաթարմամբ»: Այն դեպքում, երբ. «Մենք Հայաստանի հետ բոլոր ուղղություններով ընդարձակ օրակարգ ունենք ոչ միայն քննարկումների, այլև կոնկրետ կիրառական, պրագմատիկ աշխատանքի համար»։
Դե ուրեմն տեսնենք, թե որն է նման իրավիճակում լինելու Նիկոլի քայլերը: