Սիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի ՀՀ կառավարությունը
Թեմա
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 22–ի նիստում որոշեց 27 մլն 160 հազար դրամ հատկացնել Հալեպում և Դամասկոսում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն պետական տուրքը վճարելու համար։
Նշենք, որ համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը։
2025թ. 1-ին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 448 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (205 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (243 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտի և ծախսերի ծրագրային ցուցանիշներից յուրաքանչյուրը կավելանա համապատասխանաբար 27,160.0 հազ. ՀՀ դրամով: